Home / Հայաստան / «Ինտերը» կրկին հաղթում է «Բավարիային». այս անգամ 1/8 եզրափակիչում

«Ինտերը» կրկին հաղթում է «Բավարիային». այս անգամ 1/8 եզրափակիչում

Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչ փուլում ևս երկու հակամարտություն ավարտվեց: Նախորդ մրցաշրջանի գավաթակիրը՝ իտալական «Ինտերը», մրցակցի հարկի տակ հանդիպեց Մյունխենի «Բավարիային», ում առաջին խաղում սեփական հարկի տակ պարտվել էր 0:1 հաշվով: Մյունխենում «Ինտերն» արագ առաջ անցավ հաշվի մեջ Սամուել Էտո’Օյի ջանքերով, սակայն «Բավարիան» երկու գնդակ խփեց՝ աչքի ընկան Մարիո Գոմեսն ու Թոմաս Մյուլլերը: Դաշտի տերերը կարող էին ամրապնդել առավելությունը, սակայն չօգտագործեցին մի շարք հիանալի պահեր, ինչի համար էլ պատժվեցին:

Երկրորդ խաղակեսում «ինտերիստների» հարձակման առաջատար Էտո’Օն երկու գոլային փոխանցում կատարեց, իսկ Սնեյդերը և Պանդևը չվրիպեցին՝ 3:2: Ի դեպ, երրորդ գնդակը մակեդոնացին խփեց հանդիպման 88-րդ րոպեին, այնպես որ «Բավարիան» պարզապես ժամանակ չունեցավ վճռական գործողությունների դիմել:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա եզրափակիչում «Ինտերը» նույնպես հաղթել էր «Բավարիային», այն ժամանակ 2:0 հաշվով:

Օրվա մյուս խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» 2:1 հաշվով առավելության հասավ Մարսելի «Օլիմպիկի» նկատմամբ, և հաջորդ փուլի ուղեգիր նվաճեց, քանի որ մրցակիցներն առաջին խաղում գոլազուրկ ոչ-ոքի էին խաղացել:

«Յունայթեդի» կազմում երկու անգամ աչքի ընկավ Խավիեր Էրնանդեսը, բացի դա ինքնագոլի հեղինակ դարձավ Վես Բրաունը:

Մարտի 16-ին կկայանան Ռեալ Մադրիդ – Օլիմպիկ Լիոն և Չելսի – Կոպենհագեն հանդիպումները: