Այսօր ժամը 15.00-ից 16.00-ն ընկած ժամանակահատվածում Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդները Աջափնյակի Սիլիկյան թաղամասում մարտի 17-ի հանրահավաքի իրազեկումն էին անցկացնում, երբ նրանց կանգնեցրել է ավտոմեքենա, որում գտնվող մարդիկ ակտիվիստներին ասել են, որ վերջիններս խանգարում են բնակիչների անդորրը:
Կոնգրեսի ակտիվիստ Գևորգ Գևորգյանը Epress.am-ի հետ զրույցում նշել է, որ ավտոմեքենանայի մեջ եղել է քաղաքացիական հագուստով երկու մարդ, ինչպես նաև ոստիկանության փոխգնդապետ, որոնք չեն ներկայացել:
Գևորգյանը նաև նշել է, որ իր ձեռքից խլել են բարձրախոսը և կարգադրել իրենց հետևից ոստիկանության բաժին գալ:
«Մենք չգնացինք բաժին, այլ վերադարձանք ՀԱԿ-ի Աջափնյակի շտաբ»,- ասել է Գևորգյանը:
Նա նաև տեղեկացրել է, որ իրազեկումն անցկացնող մեքենայի վարորդից վերցրել էին փաստաթղթերը, որոնք հետո հետ են վերադարձվել:
Մենք փորձել ենք ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնից տեղեկանալ, թե արդյոք իրենց մոտ է երիտասարդների բարձրախոսը: Բաժնի ծառայության գծով պետի տեղակալ Միքայել Շահնազարյանը խոստացավ մեկ ժամվա ընթացքում հարցին լուծում տալ, և մեկ ժամվա ընթացքում բարձրախոսն իսկապես վերադարձվել է երիտասարդներին:
Epress.am-ի հետ զրույցում Միքայել Շահնազարյանը նշել է, որ իր համար շատ կարևոր է իր համայնքի հասարակության անվտանգությունը, և իրենք անում են ամեն ինչ, որպեսզի հասարակական կարգը չխախտվի:
Երիտասարդների հետ տեղի ունեցած դեպքի առնչությամբ Կոնգրեսի Աջափնյակի շտաբի ղեկավար Պետրոս Գևորգյանը հանդես է եկել հայտարարությամբ.
«Թեև Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքը իշխանության կողմից արտոնվել է, սակայն ոստիկանությունը խղճուկ փորձեր է կատարում հանրահավաքի իրազեկումը խափանելու համար»: