Այսօր Բրյուսելում կայացել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի և Բելգիայի վարչապետեր Իվ Լեթերմի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների և ԵՄ շրջանակներում համագործակցության վերաբերյալ հարցեր։
Երկկողմ հարաբերությունների տեսանկյունից կարևորվել է գույքի, եկամուտների երկակի հարկումից խուսափելու մասին համաձայնագիրը, որն ավելի բարենպաստ պայմաններ կստեղծի երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացման համար։
Քննարկվել է նաև առանց վիզաների երկիր մուտք գործելու հնարավորության հարցը։ Անդրադարձ է եղել կոնկրետ ոլորտներում բիզնեսի զարգացման հնարավորություններին։ Մասնավորապես, խոսվել է այն վարկային և դրամաշնորհային միջոցների մասին, որոնք ՀՀ-ին տրամադրել է Բելգիայի կառավարությունը «IB» ընկերության միջոցով, ինչը հնարավորություն կընձեռի ձեռք բերելու նոր արագացուցիչ՝ Երևանի ֆիզիկայի ինստիտուտի բազայի վրա օնկոլոգիական կենտրոն կառուցելու նպատակով։
Ակնկալվում է օժանդակություն այն հարցում, որ օնկոլոգիական բուժմամբ զբաղվող որևէ բելգիական ընկերություն համագործակցի Հայաստանի հետ։ Բելգիայի վարչապետ Իվ Լեթերմը խոստացել է, որ այդ առումով աջակցություն կցուցաբերվի։
Քննարկվել են նաև տարածաշրջանային, ինչպես նաև ԵՄ շրջանակներում համագործակցության խնդիրներ։
Հանդիպումից հետո տեղի ունեցած համատեղ ճեպազրույցի ժամանակ Իվ Լեթերմը նշել է, որ ազատ առևտրի մասին համաձայանգրին Հայաստանի անդամակցությունը կստեղծի ավելի բարենպաստ պայմաններ ինտեգրացիայի համար, և առաջարկել է իրենց օժանդակությունը։ Նա հավաստիացրել է, որ աջակցություն կցուցաբերվի Հայաստանին` ԵՄ շրջանակներում իրականացվող բոլոր ծրագրերն առաջ տանելու առնչությամբ։
Թե որքանով է բելգիական կողմը տեղեկացված հայ-ադրբեջանական սահմանային բախումների մասին` հաշվի առնելով այն, որ նախատեսվում է անցկացնել միջազգային հետաքննություն հարցին ի պատասխան՝ ՀՀ վարչապետը նշել է, որ հանդիպմանը մասնակցում էր նաև Բելգիայի փոխվարչապետը, ով միաժամանակ այդ երկրի ԱԳ նախարարն է, և վերջինս քաջատեղյակ է եղել հարցի բոլոր մանրամասներին։ Արտգործնախարարը մտահոգություն է հայտնել հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ադրբեջանական տրամադրությունների առնչությամբ։ Բելգիական կողմը հավաստիացրել է` խնդիրը գտնվելու է իրենց ուշադրության կենտրոնում։