Home / Հայաստան / Ճապոնիայի կայսրը Ակիհիտոն դիմել է ժողովրդին

Ճապոնիայի կայսրը Ակիհիտոն դիմել է ժողովրդին

Մարտի 16-ին Ճապոնիայի կայսր Ակիհիտոն հեռուստատեսային ուղերձ է հղել աղետից տուժած իր ժողովրդին` նշելով, որ ինքը «խորապես անհանգստացած» է ատոմակայաններում ստեղծված ճգնաժամային իրավիճակով: Նա կոչ է արել ժողովրդին օգնել միմյանց այս ճգնաժամային իրավիճակում:

77-ամյա Ակիհիտոն միաժամանակ նշել է, որ Ճապոնիայի ատոմային էներգիայի ռեակտորների հետ տեղի ունեցած աղետը հնարավոր չէր կանխատեսել: Կայսրը մարտի 11-ին տեղի ունեցած երկրաշարժը որակել է որպես աննախադեպ աղետ Ճապոնիայի պատմության ընթացքում:

«Ես  խորապես ցավում եմ երկրաշարժից տուժած տարածքներում ստեղծված ճգնաժամի համար: Մահացածների և անհայտ կորածների թիվը օրեցօր աճում է: Մենք չենք կարող կանխատեսել, թե դեռ քանի զոհեր կլինեն: Ես պարզապես լիահույս եմ, որ հնարավորին չափ շատ մարդ կկարողանանք փրկել»,- ասել է Ակիհիտոն:

«Ես ի սրտե հավատում եմ, որ ժողովուրդը ձեռք ձեռքի տված կկարողանա հաղթահարել այս դժվարին ժամանակները»,-իր ժողովրդին դիմել է Ակիհիտոն` միաժամանակ  կոչ անելով փրկվածներին չկորցնել հույսը: