Home / Հայաստան / Ճգնաժամային իրավիճակ. Ճապոնիան տարհանել է ԱԷԿ-ի աշխատակիցներին

Ճգնաժամային իրավիճակ. Ճապոնիան տարհանել է ԱԷԿ-ի աշխատակիցներին

Ճապոնիայի իշխանությունները մարտի 16-ին դադարեցրել են «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի աշխատանքները, և տարհանել են ատոմակայանի ողջ անձնակազմին: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:

Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յուկիո Էդանոն հայտարարել է, որ ճառագայթման բարձր մակարդակի պատճառով այլևս հնարավոր չէ որևէ աշխատանք իրականացնել: Չորեքշաբթի գիշերը ատոմակայանի ռեակտորներում տեղի ունեցած մի շարք պայթյունների և հրդեհների պատճառով «Ֆուկուսիմա-1»-ի շուրջ ճառագայթման մակարդակը հասել է ժամում 10 միլիզիվերտի, որից հետո իջել է ժամում մինչև 3,4 միլիզիվերտի, հաղորդում է «Կիոդո» գործակալությունը:

Էդանոն չի բացառում նաև այն, որ  Ճապոնիան ստիպված կլինի օգնություն խնդրել ԱՄՆ բանակից ատոմակայաններում ստեղծված ճգնաժամային իրավիճակը հաղթահարելու համար, հաղորդում է Agence France-Presse-ը:

Ավելի վաղ Տոկիոյի TEPCO էլեկտրակայանը, որը ղեկավարում է «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ը, հայտարարել է, որ անսարքություններն առաջացել են սառեցման համակարգի շարքից դուրս գալու պատճառով, որը պայմանավորված էր մարտի 11-ին գրանցված երկրաշարժով: TEPCO-ում չեն բացառում նաև ատոմակայանի ռեակտորների մեջ առկա նյութի ճգնաժամային վիճակի անցումը: