ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարություններին լուրջ չի վերաբերում: Այս մասին նա հայտարարել է այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:
«Եվ ոչ միայն լուրջ չեմ վերաբերում, այլ կարծում եմ, կոպիտ սխալ թույլ տվեց: Իշխանությունը շատ կոպիտ տակտիկական սխալ թույլ տվեց մեր պահանջներին ընդառաջ չգալով, մեր պահանջների մի մասը, գոնե մեկը, գոնե առաջինը, որ ժամկետի տակ էր` քաղբանտարկյալների ազատումը, եթե իրականացվեր, Հայաստանը շահելու էր: Դրանից անգամ Սերժ Սարգսյանն էր շահելու, բայց ինքը մի պրոբլեմ ևս ավելացրերց եվրոպացիների և մեզ հետ հարաբերություններում, և մենք դա հաճույքով կօգտագործենք, ինքը դրանով մեզ հնարավորություն տվեց վաղը լինել ավելի մարդաշատ», – ասել է Արամ Մանուկյանը:
Նա նշել է, որ Սերժ Սարգսյանի հայտարարություններին Հայաստանում այլևս չեն հավատում:
«Սերժ Սարգսյանի արձագանքներն ընդամենը թույլ արձագանք էին, ընդամենը գոլորշի թողնելու միջոցներ էին հասարակության մեջ լարումը թուլացնելու համար, բայց անհաջող, որովհետև նախ արդեն հավատացող չկա, որ ինքը պատրաստ է գնալ ժողովրդավարության, և ընդամենը մի քանի օր առաջ Սամսոն Խաչատրայն ձերբակալությունը, ակտվիստների տներ այցելությունները, ոչ լավ համբավ ունեցող ոստիկանի պաշտոնի բարձրացումը: Ոստիկանությունը կատաղած ա արդեն Սերժ Սարգսյանի հայտարարությունից ու քայլերից», – ասել է ՀՀՇ վարչության ղեկավարը:
Նա կոչ է արել աշխարհի բոլոր բռնցքամարտիկներին, մարզիկներին, մարզիչներին ակցիաներ սկսել Սամսոն Խաչատրյանի համար` նշելով, որ գործընթացն արդեն մեկնարկել է:
Խոսելով մարտի 17-ի հանրահավաքի մասին Արամ Մանուկյանը նշել է, որ երթի ընթացքում ոստիկանության և երթի մասնակիցների շարքը բաժանելու են մոտ 200 Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստներ, ովքեր կրելու են համապատասխան բեյջեր և փորձելու են կանխել բոլոր հնարավոր ընդհարումները: Նա խորհուրդ է տվել լրագրողներին ուշադիր հետևել այդ բաժանարար գծում կանգնած մարդկանց գործողություններին: