ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կոնստանտին Օբոլենսկին:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, Սերժ Սարգսյանը շնորհավորել է մեր երկրում Շվեյցարիայի առաջին ռեզիդենտ դեսպանին և մաղթել հաջողություններ: Հանրապետության ղեկավարը ողջունել է Հայաստանում լիարժեք դիվանագիտական ներկայացուցչություն հիմնելու` Շվեյցարիայի իշխանությունների որոշումը:
Երկրի ղեկավարը նաև երախտագիտություն է հայտնել Շվեյցարիային` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար: Նա կարևորել է բարեկամ Շվեյցարիայի հետ բազմակողմ ձևաչափով` ՄԱԿ-ի կառույցներում, ԵԱՀԿ, ԵԽ շրջանակներում համագործակցությունը ևս:
Դեսպան Կոնստանտին Օբոլենսկին նշել է, որ տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու, առևտրաշրջանառության ծավալները ցանկալի մակարդակին հասցնելու համար երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտը ձևավորված է, կա զգալի ներուժ, որն անհրաժեշտ է լիարժեքորեն օգտագործել: Երկկողմ կապերի ամրապնդման գործում զրուցակիցները կարևորել են նաև տարբեր բնագավառներում մեծ հաջողությունների հասած շվեյցարահայերի ներուժը: