Home / Հայաստան / Հայերն ու ադրբեջանցիները կբարիշեն 40 տարուց ոչ շուտ. կարծիք

Հայերն ու ադրբեջանցիները կբարիշեն 40 տարուց ոչ շուտ. կարծիք

Մինչև չփոխվեն առնվազն երեք սերունդներ (մոտավորապես 40-50 տարի), հայերի և ադրբեջանցիների համերաշխության հաստատումը անհնարին է, «Новости-Азербайджана» գործակալության հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Грузинформ» լրատվական-վերլուծական գործակալության գլխավոր խմբագիր Առնո Խիդիրբեգիշվիլին:

«Եթե կովկասցին որդուն կամ դստերն է կորցնում, ծնողներին կամ կնոջը, նա արդեն թքած ունի բարձր քաղաքականության վրա: Նա չի հաշտվի նրանց հետ, ովքեր մեղավոր են դրանում` անկախ ազգությունից, այնքան ժամանակ քանի դեռ չի մահացել, կամ այնքան չի ծերացել, որպեսզի իր ձայնը լսելի չլինի: Այդ ժամկետի գրեթե կեսն անցել է (ղարաբաղյան պատերազմի մեկնարկից 20 տարի է անցել), այդ իսկ պատճառով խորհուրդ եմ տալիս չմտածված քայլեր չանել` ժամկետներն ավելի չերկարաձգելու համար:

Բոլորի աչքի առջև է Վրաստանի կենդանի օրինակը: Ցխինվալիի շրջանի օսերի հետ լարվածությունը գրեթե վերացել էր, քանի դեռ լեռնային մարտիկները` սկսած Իռակլի Օկրուաշվիլիից, չսկսեցին ուժ կիրառել: Արդյունքում` ՌԴ-ի կողմից Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախության ճանաչում, և Վրաստանի կողմից սեփական տարածքների 20 տոկոսի կորուստ: Հիշե՛ք, և սովորե՛ք, Կովկասում ռազմական ճանապարհներով հարցի լուծում գոյություն չունի, այն նախապես պարտության է մատնված և ընդամենը կհանգեցնի նոր, ավելի լայնածավալ և արյունահեղ հակամարտության»,- հայտարարել է Խիդիրբեգիշվիլին:

Պատասխանելով ղարաբաղյան հակամարտության հարցում Մոսկվայի միջնորդ դերի մասին հարցին` փորձագետը նշել է. «ՄԱԿ-ը, եթե չեմ սխալվում 192 անդամ պետություն ունի: Եկեք հիմա մի կողմ դնենք Ռուսաստանը և պատկերացնենք, որ միջնորդի դերում է հանդես գալիս նրանցից ցանկացած մեկը`սկսած Բարաք Օբամայից և վերջացրած հրամանատար Քադաֆիով: Հարց` ինչո՞վ կավարտվեր Ղարաբաղի հարցով 8-րդ հանդիպումը, եթե այն անցկացվեր ոչ թե Սոչիում, այլ Վաշինգտոնում, և միջնորդի դրում հանդես գար ոչ թե Մեդվեդևը, այլ Օբաման, կամ Ֆրանսիայում` Սարկոզին, Բեռլինում` Մերկելը, Իտալիայում`Բեռլուսկոնին և այլն: Կողմերի ապաշխարությա՞մբ, իրենց սխալների խոստովանությա՞մբ, տարածքների վերադարձմա՞մբ, և համընդհանուր հայ-ադրչբեջանական եղբայրության հաստատմա՞մբ: Դժվար թե: Ռուսաստանը, ուզի թե չուզի, պետք է կազմակերպի այդ հանդիպումները, և առանց երկու կողմերի բարի կամքի դրսևորման ոչ մի առաջընթաց այս հարցում չի կարող լինել»,- եզրափակել է Առնո Խիդիրբեգիշվիլին: