Մոնակոյում շարունակվող կույր և արագ շախմատի «Ամբեր» մրցաշարի 8-րդ տուրում Հայաստանը ներկայացնող Լևոն Արոնյանը հանդիպեց ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի առաջատար, աշխարհի չեմպիոն հնդկաստանցի Վիշվանաթան Անանդին: Կույր շախմատում Արոնյանը սևերով ոչ-ոքի խաղաց մրցակցի հետ, իսկ արագ շախմատի պարտիայում ստիպեց մրցակցին անձնատուր լինել:
Հաղթանակից հետո Արոնյանն ընդհանուր հաշվարկում վաստակել է 11,5 միավոր, նրանից կես միավոր հետ է մնում նորվեգացի Մագնուս Կառլսենը, ով 1,5-0,5 հաշվով պարտության մատնեց բուլղարացի Վեսելին Տոպալովին:
Մրցաշարի ավարտին մնացել է երեք տուր, և գործնականում միայն այս երկու շախմատիստները կարող են պայքարել չեմպիոնի կոչման համար: Երրորդ տեղում գտնվող Անանդն ու ուկրաինացի Վասիլի Իվանչուկն արդեն երեք միավոր հետ են մնացել առաջատարից:
Վաղը շախմատիստները կհանգստանան, իսկ մարտի 22-ին կկայանա երկու կարևորագույն մենամարտ. Արոնյանը կմրցի ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի, իսկ Կառլսենը՝ Անանդի հետ: