Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով կիրակի Արմավիր քաղաքում կայացած համայնքի ղեկավարի ընտրություններին, որոնց արդյունքում Արմավիրի քաղաքապետ է ընտրվել Ռուբեն Խլղաթյանը:
«Արմավիր քաղաքում քաղաքապետի ընտրություններն անցան, ինչպես և սպասելի էր, վարչախմբի չգրված օրենքների շրջանակներում։ Հօգուտ հանրապետական գործող քաղաքապետի կատարված համատարած խախտումները և կիրառված բռնությունները միայն լուծեցին վերևից իջած հրահանգի կատարումը՝ թե ով պետք է դառնա քաղաքապետ։ Խնդիրը լուծվել է վերջին ժամերին ոստիկանության միջամտությամբ, ամեն տեղամասում ցույց տալով րոպեում 2 քվեարկություն։ Հենց դրա դեմ էլ ծառացավ հասարակական ընդվզումը, որին մասնակցեցին հարյուրավոր մարդիկ՝ որպես բողոքի հուսահատ քայլ՝ փակելով մայրուղին։ Բողոքի ակցիան ցրվել է Երևանից բերված ոստիկանական ուժերի կողմից՝ բռնի մեթոդներով, շատերը ֆիզիկապես տուժել են և բերման ենթարկվել ոստիկանական բաժին։
Հայ Ազգային Կոնգրեսը, դատապարտելով վարչախմբի հերթական ապօրինությունները և բռնարարքները, իր զորակցություն է հայտնում ոստիկանական գործողություններից տուժածներին, ինչպես նաև իր պատրաստակամությունը հայտնում նրանց իրավական օգնություն ցույց տալու հարցում։ Իսկ օրինական ընտրության հնարավորություն, ինչպես բազմիցս համոզվել ենք, կստանանք միայն վարչախմբի հեռացումով, ինչի նախաշեմին ենք հասել Հայ Ազգային Կոնգրեսի եռամյա համառ պայքարի շնորհիվ», – ասված է Կոնգրեսի հայտարարության մեջ։
Նշենք, որ Ռուբեն Խլղաթյանը, ըստ ԿԸՀ-ի տվյալների, հավաքել է 6849 ձայն, իսկ երկրորդ տեղը զբաղեցրած անկուսկացական Սևակ Մինասյանը՝ 5811 ձայն: 710 ձայն է հավաքել Առնակ Գևորգյանը, 330 ձայն՝ Կարեն Վարդանյանը: Վերջին երկուսը նույնպես անկուսակցական են: