ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի և մարզպետների հետ այսօր խորհրդակցություն է անցկացրել 2011թ. գարու արտադրության զարգացման ծրագրի վերաբերյալ:
Տիգրան Սարգսյանի խոսքով` 2000 տոննա սերմացուն հանրապետություն է բերվելու ոչ միայն սերմնաբուծությունը զարգացնելու, այլև մի քանի հիմնական խնդիրներ լուծելու նպատակով:
«Քննարկումների ժամանակ բազմիցս արձանագրվել է, որ մշակվող հողատարածքները կրճատվում են: Պետության այս ծրագիրը նպատակ ունի խրախուսել գյուղացիներին` այդ հողերը մշակելու հարցում»,- ասել է կառավարության ղեկավարը` ընդգծելով, որ այս օգնությունը առաջին հերթին պետք է հասնի առավել աղքատ համայնքներին, որտեղ կան սոցիալապես կարիքավոր մարդիկ:
«Հանրապետությունում գարու սերմացուի պահանջարկը 11 հազար տոննա է, մենք բերում ենք 2000 տոննա: Հասկանալի է, որ մենք բոլորին չենք կարող բավարարել, այլ միայն պահանջարկի 20 տոկոսը: Կարծում ենք` արդյունքում մի կողմից կունենանք աճ գյուղատնտեսության ոլորտում, մյուս կողմից էլ` մշակվող հողերի ավելացում», –ասել է վարչապետը: