Րոպեներ առաջ ավարտվեց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հոհվաննես Թամամյանի գործով դատավարությունը: Նրա նկատմամբ որոշվել է կիրառել 2 ամսվա նախնական կալանք:
Դատական նիստը դռնփակ էր և անցնում էր դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ:
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը փետրվարի 23-ին միջնորդագիր է ներկայացրել ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին` ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հոհվաննես Թամամյանի և ոստիկանության` Արաբկիրի բաժնի պետ Վ.Ադամյանի հետագա պաշտոնավարման նպատակահարմարության վերաբերյալ:
«ՀՀ քր.օր-ի 104-րդ, 235-րդ և 308-րդ հոդվածների 1-ին մասերով հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2010թ. մայիսի 12-ին Երևանի Կոմիտասի պողոտայում Արսեն Ահարոնյանի, Պետրոս Գրիգորյանի և չպարզված անձանց հետ Խաչիկ Մկրտչյանի, Հայկ Սանդալջյանի, Արթուր Փոխարյանի ու Նարեկ Օհանջանյանի խուլիգանական գործողությունների ընթացքում նախ Խաչիկ Մկրտչյանի կողմից Արսեն Ահարոնյանին ու Պետրոս Գրիգորյանին հրազենային վնասվածքներ պատճառելու, այնուհետև Արսեն Ահարոնյանի կողմից հրազենի գործադրմամբ Խաչիկ Մկրտչյանին սպանելու կապակցությամբ հարուցված ու ներկայումս Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող քրեական գործի նախաքննության ընթացքում միտումնավոր կերպով խեղաթյուրվել են դեպքի փաստական հանգամանքները, որի արդյունքում Խաչիկ Մկրտչյանի սպանությունն իրականում կատարած Երևանի Նիկոլ Դումանի փողոցի 40-րդ տան բնակիչ Վռամ Սամվելի Բաղդասարյանն այդ գործով կանչվել է ընդամենը որպես վկա, դրանով իսկ խուսափել քրեական պատասխանատվությունից:
Լրացուցիչ քննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելու, պահելու ու կրելու, մի խումբ անձանց հետ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու, ինչպես նաև` խուլիգանական դրդումներով շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով ապօրինաբար Խաչիկ Մկրտչյանին դիտավորությամբ կյանքից զրկելու համար Վ.Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 10-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին և 258-րդ հոդվածների 4-րդ մասերով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորում:
(Այնուհետև միջնորդագրում ներկայացվում են փաստեր` ոստիկանության` Արաբկիրի բաժնի և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատանքում տեղ գտած թերությունների, բացթողումների, կեղծիքների, աղավաղումների մասին:):
Այսպիսով` Հովհաննես Թամամյանը և Վարազդատ Ադամյանը, իրենց պաշտոնեական պարտականություններից բխող անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկել հանցագործության բացահայտման ուղղությամբ, ինչը հանգեցրել է քննության ընթացքում քրեական գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների խեղաթյուրմանը, կեղծմանը, հանցագործության մասնակիցների գործողությունների աղավաղմանը», – ասված էր ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրի մեջ:
Դրանից հետո Հովհաննես Թամամյանն ազատվել է աշխատանքից, իսկ մեկ ամիս անց նաև ձերբակալվել: