ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ: Հանրապետության ղեկավարն այցելել է Գյումրի քաղաքի նորակառույց «Մուշ-2» թաղամաս, ծանոթացել կառուցապատման աշխատանքներին և շենքերի բնակարանային պայմաններին: Այս մասին հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:
Նորակառույց թաղամասում շրջայցի ժամանակ երկրի ղեկավարին ներկայացվել է Շիրակի և Լոռու մարզերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար բնակարանների կառուցման ծրագրի, ինչպես նաև «Մուշ-2» թաղամասում կառուցված բազմաբնակարան շենքերի բնակեցման ընթացքը:
Սերժ Սարգսյանը Գյումրիից մեկնել է Ամասիայի շրջանի Բանդիվան համայնք, այցելել` մարտական հենակետում 20.01.2011թ. հակառակորդի կողմից հրազենային գնդակից մահացու վիրավորված և զոհված պայմանագրային զինծառայող, ավագ լեյտենանտ Հովհաննես Սուքիասյանի հայրական տուն:
Նախագահն իր ցավակցությունն է հայտնել ազատամարտիկի ընտանիքի անդամներին, շնորհակալություն հայտնել Հովհաննեսի նման որդի դաստիարակելու համար և ներողություն խնդրել, որ չկարողացավ պահպանել նրա կյանքը:
«Որպես Երկրի նախագահ, կարող եմ ձեզ խոստանալ, որ ամեն ինչ անելու եմ, որպեսզի ԼՂ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծվի, որ այդ խաղաղությունն արժանապատիվ լինի: Դա լավագույն հարգանքի տուրքը կլինի մեր բոլոր զոհվածների հիշատակին: Նրանք կարողացան կյանքի գնով պաշտպանել մեր Հայրենիքը, մենք կկարողանանք արժանապատիվ խաղաղություն կնքել»,- ասել է Սերժ Սարգսյանը այնուհետև Հովհաննեսի հոր և պապի հետ այցելել է ազատամարտիկի շիրիմին: