«Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի տեղեկություններով` այս օրերին իշխանական բուրգում ակտիվորեն քննարկվում է, թե 2012 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ԱԺ մեծամասնական ընտրակարգով որ ընտրատեղամասում ով է առաջադրվելու.
«Ինչպես երևում է, այս անգամ Սերժ Սարգսյանը որոշել է մեծամասնական ընտրակարգի «ցուցակներում» լուրջ և էական փոփոխություններ անել: Ցուցակների «վերաթարմացման» գործընթացում հստակ և վերջնական որոշում է կայացվել, որ այս անգամ ընտրապայքարից դուրս է մնալու Սերժ Սարգսյանի սիրելի օլիգարխներից մեկը`ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Լևոն Սարգսյանը ` Ալրաղացի Լյովիկը: Նրա` պատգամավոր դառնալու հարցը փակված է այն պարզ պատճառով, որ սույն մականունավորը այս տարիների ընթացքում Սերժ Սարգսյանի աչքը սարքելու փոխարեն, ունքն էլ հետն է հանել: Արաբկիրից մեծամասնական ընտրակարգով ընտրված մյուս պատգամավորի` Զոհրաբ Զոհրաբյանի գործերը ևս լավ չեն: Մեր տեղեկություններով, առաջիկա ընտրություններին նրան ևս չեն թողնելու առաջադրվել: Սերժ Սարգսյանը որոշել է այս տեղամասում մանդատ շնորհել Արտակ Սարգսյանին` «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի սեփականատեր ՍԱՍ-ի Արտակին: «X գրուպի» սեփականատեր Խաչիկ Մանուկյանին ևս այս անգամ մեծամասնական ընտրակարգով մանդատ չեն նվիրի:
Սերժ Սարգսյանը Թալինը «հանձնել» է ԲՀԿ-ին, և այս անգամ մեծամասնական ընտրակարգով Թալինից ԱԺ պատգամավոր կդառնա որևէ ԲՀԿ-ական:
Ի դեպ` խոսակցություններ կան, որ Կենտրոն համայնքում մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու է Երևանի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Գագիկ Բեգլարյանը: Չի բացառվում, որ Էրեբունի համայնքում էլ մեծամասնական ընտրակարգով կռաջադրվի դարձյալ ՀՀԿ-ական, Էրեբունու նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանը: