Մարտի 30-ին Մոսկվայում մահացել է հայտնի դերասանուհի Լյուդմիլա Գուրչենկոն: Նա 75 տարեկան էր: Ըստ նախնական տվյալների՝ մահվան պատճառը սրտի անբավարարությունն է եղել:
Ռուսաստանյան ԶԼՄ-ների հետ զրույցում Լյուդմիլա Գուրչենկոյի մահվան լուրը հաստատել է նրա ամուսինը՝ Սերգեյ Սենինը: Գուրչենկոն իր տանն է եղել. դերասանուհին վատ է զգացել, շտապ օգնություն են կանչել, սակայն մինչ բժիշկների ժամանելը նա արդեն մահացել է:
LifeNews-ի փոխանցմամբ՝ մահվանից ոչ շատ առաջ դերասանուհին ազդրի կոտրվածք էր ստացել, որի պատճառով վիրահատվել էր: Մարտի սկզբին Գուրչենկոյին արդեն դուրս էին գրել հիվանդանոցից, և նա տուն էր վերադարձել: Բժշկական աղբյուրները տեղեկացնում են, որ վիրահատության հետևանքները նույնպես կարող էին դառնալ դերասանուհու մահվան պատճառը:
Լյուդմիլա Գուրչենկոն ծնվել է 1935թ.-ի նոյեմբերի 12-ին Խարկովում: Կինոյում մեկնարկել է դեռևս ուսանողական տարիներիին: 1956 թվականին նա նկարահանվել է Յան Ֆրիդի «Ճշմարտության ճանապարհը« ֆիլմում: Այդ նույն տարում Գուրչենկոն խաղացել է Էլդար Ռյազանովի «Դիմակահանդեսի գիշերը» կատակերգությունում: Հենց այս ֆիլմի շնորհիվ էլ նա մեծ ճանաչում է ձեռք բերել: Դերասանուհու այլ հայտնի աշխատանքներից են «Քսան օր առանց պատերազմի», «Հինգ երեկո», «Սերը և աղավնիները», «Մեխանիկ Գավրիլովի սիրած կինը»: 1983թվականին Գուրչենկոն արժանացել է ԽՍՀՄ վաստակավոր արտիստի կոչման: