ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստովանել է, որ վերջին շաբաթների ընթացքում շատ է աղոթել` կանգնելով Լիբիայի իրադարձություններին միջամտելու դժվարին ընտրության առջև:
«Ես աղոթում եմ, որպեսզի կարողանամ հնարավոր լավագույն որոշումը կայացնել, որպեսզի ուժ ունենամ ամերիկացիներին լավ ծառայելու համար»,- ABC News-ի հետ զրույցում ասել է Օբաման:
Նախագահը պատմել է իր աղոթքների մասին, և նշել, որ իր հավատն օգնում է իրեն հաղթահարել իր առջև գոյացող դժվարին խնդիրները:
«Երբեմն իմ աղոթքները շատ ընդհանուր բնույթի են: Օրինակ, ես ասում եմ ` Տեր Աստված, ինձ ուժ տուր` հաղթահարելու ինձ ուղղվող մարտահրավերները: Երբեմն աղոթքներս ավելի անձնական են, ինչպես օրինակ`Տեր Աստված ինձ համբերություն տուր` տեսնելու համար` ինչպես է Մալիան (նախագահ Օբամայի դուստրը-խմբ.) գնում պարի իր առաջին դասին»,-ասել է Օբաման:
Նշենք, որ թեև Օբաման հաճախ է խոսում քրիստոնեական իր սովորությունների մասին, շատ ամերիկացիներ նախագահի անկեղծության վերաբերյալ կասկածներ ունեն:
Հարցումները ցույց են տալիս, որ 5 ամերիկացիներից 1-ը վստահ է, որ Օբաման մահմեդական է: