Շվեյցարիայի նախագահ Միշելին Կալմի-Ռեյի հետ այսօրվա հանդիպման ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ Թուրքիան խուսափում է իր ստանձնած պարտավորությունների կատարումից:
«Նման գործելաոճով Թուրքիան արժեզրկում է թե՛ մեր նախաձեռնությունը, և թե՛ գործընթացում ներգրավված կողմերի ջանքերը», – հայտարարել է Սերժ Սարգսյանը:
Խոսելով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին` Կալմի-Ռեյը նշել է, որ դեռ երկար ճանապարհ կա անցնելու:
«Բայց կարծում եմ, որ այն քաղաքական արիությունը և պատասխանատվությունը, որ հանդես բերվեց 2009թ. հայ-թուրքական արձանագրությունները ստորագրելիս, հնարավորություն է տալիս հուսալ, որ ձեռք կբերենք ակնկալվող արդյունքները», – ասել է Շվեյցարիայի նախագահը:
Կալմի-Ռեյի հետ համատեղ ասուլիսի ընթացքում Սերժ Սարգսյանը նշել է, որ հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաև Արցախյան խնդրի լուծման գործընթացի վերջին զարգացումներին, այդ թվում` Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը:
«Ուզում եմ հավատալ, որ այս անգամ Ադրբեջանի իշխանությունները կլինեն հետևողական և իրենց խոսքն ու գործը կհամապատասխանեն իրար: Բնականաբար, վերահաստատեցի մեր այն դիրքորոշումը, որ հակամարտությունն ունի միայն մեկ լուծում` դա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման միջազգայնորեն ճանաչված իրավունքի խաղաղ իրագործման հնարավորությունն ապահովող լուծումն է: Հիմնախնդիրը պետք է ունենա խաղաղ հանգուցալուծում, որին պետք է հասնել բանակցությունների ճանապարհով, որքան էլ որ այդ ճանապարհը լինի խոչընդոտներով ու դժվարություններով լեցուն», – ասել է Սերժ Սարգսյանը: