Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի ռեժիմի պաշտոնատար անձինք աստիճանաբար լքում են երկիրը, գրում է «Ալ Ջազիրան»:
Հայտնի է դարձել, որ ավելի մեծ թվով մարդիկ են թողել Մուամար Քադաֆիի վարչակազմը` հետևելով Լիբիայի ԱԳ նախարար Մուսա Կուսային, ով մարտի 31-ին փախել է Լոնդոն:
«Ալ Ջազիրայի» փոխանցմամբ` բանակցությունների նպատակով Թունիս մեկնած մի շարք պաշտոնատար անձինք, որոշել են մնալ այնտեղ:
Որոշ արաբական պարբերականներ գրում են, որ Լիբիայի Ժողովրդական Կոմիտեի ղեկավար Մուհամեդ Աբու ալ Քազիմ ալ Զավին Քադաֆիին լքած անձանց թվում է:
«Ալ Ջազիրայի» Թունիսի թղթակիցը հաղորդել է, որ Լիբիայի նախկին վարչապետ Աբու Զայեդ Դորդան, ով այդ պաշտոնում է եղել 1990-1994 թվականներին, նույնպես հեռացել է երկրից:
Նշենք, որ այսօր մեկ այլ առաջատար քաղաքական գործիչ է հրաժարվել ծառայել Քադաֆիի ռեժիմին:
Նախկին ԱԳ նախարար, և ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի նախկին նախագահ Ալի Աբդեսալեմ Թրեքիին հանձնարարվել էր Լիբիայի շահերը ներկայացնել ՄԱԿ-ում երկրում սկսված խռովություններից հետո:
Ներկայումս Կահիրեյում գտնվող Թրեքին հայտարարել է, որ չի պատրաստվում նման աշխատանք կատարել Քադաֆիի համար:
«Մենք չպետք է թույլ տանք, որ մեր երկրի ապագան անհայտ ուղիով ընթանա», – ասել է նա. «Դա մեր ազգի իրավունքն է ապրել ազատ, ժողովրդավարական և բարեկեցիկ կյանքով»: