Ապրիլի 5-ին մեկնարկեցին Չեմպիոնների Լիգայի ¼ եզրափակիչ փուլի հանդիպումները, և դրանցից մեկն անսպասելի արդյունք ունեցավ:
Նախորդ մրցաշարի հաղթողը՝ իտալական «Ինտերը», սեփական հարկի տակ ոչ միայն չկարողացավ հաղթել գերմանական «Շալկեին», այլ նաև խոշոր հաշվով պարտություն կրեց:
Դաշտի տերերի համար ամեն ինչ հիանալի սկսվեց. արդեն խաղի 25-րդ վայրկյանին սերբ Դեյան Ստանկովիչը դաշտի կենտրոնից գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը՝ օգտվելով նրանից, որ գերմանական ակումբի դարպասապահ Մանուել Նոյերը դուրս էր եկել դարպասից: Սակայն «Շալկեի» ֆուտբոլիստները չընկճվեցին, նրանք շատ արագ հավասարեցրեցին խաղը և 17-րդ րոպեին ժոել Մատիպի ջանքերով կարողացան պատասխան գնդակը խփել: 34-րդ րոպեին Դիեգո Միլիտոն կրկին առաջ մղեց իտալացիներին, սակայն հյուրերը 6 րոպե անց ևս մեկ անգամ հավասարեցրեցին հաշիվը՝ աչքի ընկավ Էդուն:
«Ինտերն» ամեն ինչ կարող էր իր օգտին վճռել 2-րդ կեսի մեկնարկին, երբ Դիեգո Միլիտոն և Սամուել Էտո’Օն երկու հիանալի պահ չօգտագործեցին: Դրանից հետո դաշտում միայն մեկ թիմ կար՝ «Շալկեն»: 53-րդ րոպեին գերմանական թիմի իսպանացի վետերան Ռաուլը խփեց երրորդ գնդակը, իսկ 4 րոպեն անց Ռանոկիան գրավեց սեփական դարպասը: Երբ 62-րդ րոպեին դաշտից հեռացվեց «Ինտերի» պաշտպան Կիվուն, պարզ դարձավ, որ իտալացիները չեն փրկվի: Հանդիպման վերջակետը դրեց Էդուն, ով 75-րդ րոպեին խփեց իր թիմի 5-րդ գոլը՝ 5:2:
Այս պարտությունը գրեթե ոչ մի հնարավորություն չթողեց «Ինտերին» պայքարը շարունակել կիսաեզրափակիչում:
Նույն բախտին արժանացավ նաև անգլիական «Տոտենհեմը», որը Մադրիդում մրցում էր «Ռեալի» դեմ: Արդեն 4-րդ րոպեին իսպանական թիմի հարձակվող Էմանուել Ադեբայորը բացեց հաշիվը, իսկ 15-րդ րոպեին երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց լոնդոնյան ակումբի հարձակվող Պիտեր Քրաուչը: «Ռեալն» իր թվային առավելությունը նույթականացրեց երկրորդ կեսի ընթացքում՝ երեք անպատասխան գնդակ ուղարկելով մրցակից դարպասը: Գոլերի հեղինակներ դարձան Ադեբայորը, Անխել Դի Մարիան և Կրիշտիանու Ռոնալդուն: 4:0 հաշվով հաղթանակը մադրիդցիների համար ճանապարհ է բացում դեպի կիսաեզրափակիչ փուլ: