Եթե ուշադիր լինեք դատական հայցերի ուղղվածության և բովանդակության նկատմամբ, կարելի է պարզ տեսնել, որ տպագիր մամուլը հայտնվել է մի ծուղակում:
Այս մասին այսօր «Մամուլը դատական գործընթացներում» թեմայով ասուլիսի ընթացքում հայտարարել է «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը:
«Դա օրենքի ծուղակն է, քաղաքացիական օրենսգրքում անցած տարի կատարված փոփոխությունների ծուղակն է, որի մասին դեռ մեկ տարի առաջ մենք` խմբագիրներս, զգուշացնում էինք, որ դա դառնալու է սուր` լիաթաղանթ կախված տպագիր մամուլի գլխին, որից ոչ-ոք չի կարողանալու խուսափել», – ասել է Օհանյանը:
Հիշեցնենք, որ մարտի վերջին ՀՀ երկրորդ նախագահը հայց է ներկայացնրել ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի պահանջելով 6 մլն դրամ փոխհատուցում պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար: Հայցի համար հիմք է հանդիսացել օրաթերթի «Քոչարյանին ոչնչացնում են, Ծառուկյանին՝ բացատրո՞ւմ» հրապարակումը:
«Այսօր տեսեք, ինչ բազմազան թերթերի սպեկտր է հայտվել դատական գործընթացների փուլում` «Երկիր», «Հրապարակ», «Ժամանակ», «Հայկական ժամանակ», նույնիսկ կայքերը չեն կարողանում խուսափել», – ասել է լրագրողը:
Օհանյանի խոսքով` կապ չունի, թե որքանով է ԶԼՄ պաշտպանում լրագրողական էթիկան և նորմերը. «Մի դեպքում դատական գործընթացն ուղղված է տեղեկություններ հերքելուն, մյուս դեպքերում` ուղղված է վիրավորանք, զրպարտություն հոդվածին: Ընդ որում` վիրավորանք ասելով, տարբեր մարդիկ տարբեր բան են հասկանում: Մեկի դեպքում արյունռուշտ բառն է վիրավորական արտահայտություն (արյունռուշտ բառը հանդիպում է «Հրապարակի» վերոնշյալ հոդվածում – Epress.am), իսկ մյուսի դեպքում` ստիլյագ բառն է վիրավորական («ստիլյագ» բառն օգտագործել էր «Երկիր» թերթը ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի մասին հոդվածում – Epress.am)»:
Այս ամենն, ըստ խմբագրի, խոսում է այն մասին, որ Քաղաքացիական օրենսգրքում կատարված փոփոխություններն ու օրենքի ապաքրեականացումն աշխատել են ի վնաս տպագիր մամուլի: Արմինե Օհանյանը նշել է նաև, որ իր թերթը հայտնվել է անհեթեթ վիճակում.
«Մենք ստիպված ենք այլևս մեր նյութերը տպագրելիս ոչ թե մտածել ազատ մտքի, ստեղծագործական ազատության, հետաքրքիր, սուր նյութեր անելու մասին, այլ ստիպված ենք ամբողջ օրը մտածել, թե տվյալ հոդվածը ինչ հետևանք կարող է ունենալ մեր թերթի ճակատագրի համար»:
Երբ 6 միլիոն դրամի չափով պահանջ է ներկայացվում կազմակերպությանը, որը, շարունակել է Օհանյանը, հազիվ ծայրը ծայրին է հասցնում, նշանակում է, որ օրաթերթը հայտնվել է փակվելու վտանգի առաջ:
Խմբագիրը կարծիք է հայտնել, որ վերոնշյալ օրենքով խմբագիրներին փորձում են վերածել գրաքննիչների: