Եթե անձին վիրավորում են, նրա իրավունքները և արժանապատվությունը վերականգնելու համար, դատական ճանապարհից բացի, այլ ճանապարհ չկա: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը` մեկնաբանելով «Հրապարակ» օրաթերթի դեմ ներկայացված դատական հայցը:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը «Հրապարակ» օրաթերթից պահանջում է 6 մլն դրամ փոխհատուցում` պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար: Հայցի համար հիմք է հանդիսացել օրաթերթի «Քոչարյանին ոչնչացնում են, Ծառուկյանին՝ բացատրո՞ւմ» հրապարակումը:
Ըստ Սողոմոնյանի` թերթերը նոր չէ, որ գրում են Քոչարյանների ընտանիքի մասին, և ակնհայտ կեղծ տեղեկատվություն պարունակելու դեպքում է դատական հայց ներկայացվում:
«Մինչ այս երեք դատական հայց է եղել: «Հայկական ժամանակ», «Ժամանակ» և հիմա էլ «Հրապարակ» օրաթերթի դեմ են եղել դատական հայցեր, իսկ այդ թերթերում տպագրված է եղել ակնհայտորեն կեղծ տեղեկատվություն: Իսկ եթե «արյունռուշտ», «արյան մեջ թաղված, գարշելի կենսագրություն» արտահայտությունները վիրավորանք չեն նորմալ մարդկանց համար, ապա ես իրենց հետ քննարկելու ոչինչ չունեմ»,- ասել է Սողոմոնյանը:
Հիշեցնենք, որ այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը նշել էր, որ կապ չունի, թե որքանով է ԶԼՄ պաշտպանում լրագրողական էթիկան և նորմերը. «Մի դեպքում դատական գործընթացն ուղղված է տեղեկություններ հերքելուն, մյուս դեպքերում` ուղղված է վիրավորանք, զրպարտություն հոդվածին: Ընդ որում` վիրավորանք ասելով, տարբեր մարդիկ տարբեր բան են հասկանում: Մեկի դեպքում արյունռուշտ բառն է վիրավորական արտահայտություն (արյունռուշտ բառը հանդիպում է «Հրապարակի» վերոնշյալ հոդվածում – Epress.am), իսկ մյուսի դեպքում` ստիլյագ բառն է վիրավորական («ստիլյագ» բառն օգտագործել էր «Երկիր» թերթը ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի մասին հոդվածում – Epress.am)»:
Նշենք, որ ավելի վաղ «Հրապարակի» հոդվածի վերաբերյալ Խոսքի ազատության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն ասել էր, որ ինքը հրապարակման մեջ դատական հայցի որևէ հիմք չի տեսնում:
«Այնտեղ կան լրագրողի դատողություններ, դրանց հետ կարելի է համաձայնել կամ ոչ, բայց խեղաթյուրված փաստեր չկան: Սա պարզապես ընդդիմադիր մամուլի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու փորձ է»,- ասել էր փորձագետը: