Այսօր Ազատության հրապարակում կայացած իր ելույթում` Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հիշեցրել է, որ մարտի 1-ի հանրահավաքի ընթացքում ընդունվել է 15 կետից բաղկացած պահանջների ու գործողությունների ծրագիր։
«Մարտի 17-ի հանրահավաքում առանձնացրինք այդ ծրագրի իրականացման առաջին փուլի այն երեք հրատապ խնդիրները՝ քաղբանտարկյալների ազատ արձակումը, Ազատության հրապարակում հավաքների անցկացման վրա դրված ապօրինի արգելքի վերացումը և 2008թ. մարտի 1-ի սպանությունները բացահայտելու պատրաստակամության վերաբերյալ պաշտոնական հավաստիացումը, որոնք անհրաժեշտ են իշխանության հետ ֆորմալ երկխոսություն սկսելու և հասարակության կողմից առաջ քաշված մյուս խնդիրները լուծելու համար», – ասել է Տեր-Պետրոսյանը։
Նա հիշեցրել է նաև, որ հանրահավաքին իրադարձությունները չփութացնելու, Սահմանադրության ու օրենքների շրջանակում գործելու պայմանավորվածություն է ձեռք բերվել` ոչ ամենևին պայքարի հեղափոխական մեթոդների օրինականությունը մերժելու, այլ բացառապես Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսման վտանգը չմեծացնելու նկատառումով։
«Ես կուզեի, որ ձեզանից յուրաքանչյուրին, ոչ թե հավատի ու վստահության, այլ սառը դատողության մակարդակով, կատարելապես ընկալելի դառնար ինձ համար աքսիոմատիկ այն ճշմարտությունը, որ եթե թվարկված երեք խնդիրները մոտակա օրերին չլուծվեն, ապա մարտի 1-ի հայտարարության պարունակած մնացյալ պահանջները երբեք չեն իրականանա և իշխանություն-հասարակություն երկխոսությունն այդպես էլ չի կայանա՝ ի չիք դարձնելով ազգային համերաշխության վերականգնման ճանապարհով Հայաստանի միջազգային վարկի բարձրացման և արտաքին մարտահրավերների դիմագրավման թերեւս վերջին հնարավորությունը։ Ու թեև այդ հնարավորության բացթողման պատասխանատվությունը կընկնի, առաջին հերթին, իշխանության, և ապա՝ կողքից մեզ խանգարող տարաբնույթ ուժերի վրա, սակայն ողջամտության ու կարգապահության պակասի պարագայում մենք ևս, ձեզ հետ միասին, զերծ չենք մնա պատասխանատվության մեր բաժնից», – ասել է Տեր-Պետրոսյանը։
Այունհետև նա անդրադարձել է մարտի 17-ի հանրահավաքից հետո ստեղծված ներքաղաքական իրավիճակին` առանձնացնելով երկու հարց.
«Առաջինը վերաբերում է մշտապես կրկնվող այն անհեթեթ պնդմանը, որ Հայ Ազգային Կոնգրեսը մոնոպոլիզացրել է ընդդիմության դաշտը։ Փորձենք անկեղծորեն ջանքեր գործադրել՝ որսալու այս պնդման իմաստը։ Որ որևէ քաղաքական ուժ կարող է մոնոպոլիզացնել իշխանության դաշտը, ինքնըստինքյան հասկանալի է, քանի որ դա սովորական երևույթ է պետությունների կյանքում եւ ապացուցվում է անթիվ-անհամար բռնապետական ռեժիմների գոյությամբ։ Իսկ որ ինչ որ ուժ ի վիճակի է մոնոպոլիզացնել ընդդիմության դաշտը, դա արդեն այնպիսի հանճարեղ գաղափար է, որը կարող էր ծագել միայն հայ քաղաքական մտքի անդաստանում։
Համենայն դեպս, համաշխարհային քաղաքական մտքի պատմության մեջ նման գաղափար ինձ հայտնի չէ։
Իսկ գուցե, մոնոպոլիզացիա ասելով, նկատի ունեն, որ Կոնգրեսը զբաղեցրել է հրապարա՞կը։ Բայց նախ՝ Երեւանում բազմաթիվ հրապարակներ կան, եւ երկրորդ՝ եղել են ժամանակներ, երբ Կոնգրեսը ամիսներ շարունակ հանրահավաքներ չի անցկացրել (2008թ. հոկտ. 17 – 2009թ. մարտ. 1, 2010թ. ապր. 6 – սեպտ. 17)։ Ինչո՞ւ այդ ընթացքում որևէ ուժ չի փորձել զբաղեցնել հրապարակը և վերացնել մոնոպոլիզացիա ասվածը»։
ՀԱԿ առաջնորդն անդրադարձել է նաև երկրորդ հարցին` նշելով, որ այն մասամբ բխում է նախորդից:
«Հարցն առնչվում է Հայաստանի քաղաքական դաշտում Երրորդ ուժի ստեղծման անհրաժեշտության մասին չդադարող խոսակցություններին։ Փորձենք հասկանալ նաև այս գաղափարի իմաստը։ Նախևառաջ արձանագրենք, որ եթե խոսվում է Երրորդ ուժի ստեղծման անհրաժեշտության մասին, դա նշանակում է, որ առայժմ գոյություն ունի երկու ուժ՝ իշխանությունը և Հայ Ազգային Կոնգրեսը։ Երկրորդ՝ այդ դեպքում հարց է ծագում, թե ինչո՞ւ երեք տարուց ավելի տևող խոսակցությունների ու նույնիսկ փորձերի արդյունքում այդ Երրորդ ուժն այդպես էլ չի ձևավորվում։
Ո՞վ է մեղավոր։ Բնականաբար՝ Հայ Ազգային Կոնգրեսը, որն, ինչպես արդեն նշվեց, Երրորդուժականների կարծիքով, մոնոպոլիզացրել է ընդդիմության դաշտը՝ իր ետևից տանելով ժողովրդին։ Ինչ մեղքներս թաքցնենք, այո՛, Կոնգրեսն իսկապես իր ետեւից տանում է ժողովրդի մի զգալի զանգված։ Նրա հանրահավաքներին վերջին շրջանում մասնակցում է ավելի քան 100.000 քաղաքացի։ Ի՞նչ է, սրանով հայ ժողովուրդն սպառվե՞ց, ուրիշ հարյուր հազար չկա՞։ Հայաստանի չափահաս բնակչության թիվը կազմում է շուրջ 1.800.000 մարդ։ Դա նշանակում է, որ Երրորդ ուժի հավակնություն ունեցող առնվազն 18 կազմակերպություն կարող է համախմբել 100.000 ական մարդու։ Այսինքն՝ Հայաստանի մարդկային պոտենցիալը տվյալ պահին բավարարում է ստեղծել ոչ թե մեկ, այլ տասնութ Երրորդ ուժ։ Այդ դեպքում ինչո՞ւ, այսքան խոսակցություններից հետո, թեկուզ դրանցից մեկը չի ձևավորվում։ Դա, իմ կարծիքով, տեղի է ունենում հետևյալ պարզ պատճառով։
Երրորդ ուժի դերի հավակնորդներն ուզում են իրենց նպատակին հասնել ոչ թե հասարակության հետ տարվող երկարատև ու համառ աշխատանքի և նրա վստահությունը շահելուն ուղղված հսկայական ջանքերի գործադրման գնով, այլ պարզապես Կոնգրեսին վարկաբեկելու ու նրան ասպարեզից հեռացնելու հեշտ թվացող ճանապարհով։
Ինչպես ցույց է տվել Հայաստանի անկախության շրջանի պատմությունը, Երրորդ ուժ կոչվածը վերջին պահին միշտ էլ անցել է ոչ թե ընդդիմության կողմը, այլ լծվել իշխանությունը բռնազավթողների կառքին։ Այդպես է եղել 1998, 2003 և 2008 թվականների նախագահական ընտրությունների ժամանակ, եւ հավանաբար այդպես է լինելու նաեւ հաջորդ ընտրություններում։ Թեեւ բարոյական առումով մերժելի, բայց զուտ ժողովրդավարության տեսակետից, սա չի կարելի դատապարտելի արարք համարել։ Երրորդ ուժ կոչվածներն իրենք են կատարում իրենց ընտրանքը՝ դրա համար վճարելով սեփական վարկանիշի կորստյան կամ նույնիսկ քաղաքական դիակի վերածվելու գնով։
Երեւույթի ընդհանուր գնահատականից բացի, կա նաեւ մի կոնկրետ հանգամանք, որով բացատրվում է Երրորդ ուժի կողմնակիցների այսօրվա ակտիվացումը։ Նրանք, ըստ երեւույթին, չափազանց անհանգստացած են իշխանության եւ Կոնգրեսի միջեւ երկխոսության կայացման հեռանկարից, որի հետեւանքը կարող են լինել արտահերթ ընտրությունները։ Իսկ քանի որ այդ մարդիկ նման հեռանկարն այլ կերպ չեն պատկերացնում, քան պաշտոնների ու պատգամավորական մանդատների շուրջ պայմանավորվածությունները, ուստի համաձայն կլինեն, որ քաղբանտարկյալները հավերժ մնան բանտերում, որ Ազատության հրապարակը երբեք չվերադարձվի ժողովրդին, որ մարտի 1-ի սպանությունները չբացահայտվեն, միայն թե երկխոսությունը տեղի չունենա։
Եթե այդպես չեն էլ մտածում, ապա իրենց գործողություններով նպաստում են կարեւորագույն այդ խնդիրների լուծման վիժեցմանը կամ հետաձգմանը։ Իմ տպավորությամբ՝ իշխանության եւ Կոնգրեսի միջեւ երկխոսությունը ձեռնտու չէ ոչ միայն ներքին, այլեւ արտաքին որոշ ուժերի, որովհետեւ այն, Հայաստանի իշխանություններին հանելով խոցելի վիճակից, կամրապնդի մեր երկրի դիրքերը միջազգային հարաբերություններում, մասնավորապես, Ղարաբաղյան կարգավորման գործընթացում», – ասել է ՀԱԿ առաջնորդը։
Ամփոփելով ելույթը` Տեր-Պետրոսյանը մեկ անգամ ևս հստակեցնել ՀԱԿ-ի քաղաքական օրակարգը։
«Մենք ակնկալում ենք, որ մինչև հաջորդ հանրահավաքը, որ կկայանա ապրիլի 28-ին, հանուն երկխոսության մեր կողմից առաջ քաշված երեք նվազագույն պահանջները, որոնք են՝ քաղբանտարկյալների ազատ արձակումը, Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու իրավունքի վերականգնումը և մարտի 1-ի սպանությունները բացահայտելու պաշտոնական հավաստիացումը, կատարված պետք է լինեն։ Եթե դա տեղի չունենա, ապա Հայ Ազգային Կոնգրեսը, սպառված համարելով երկխոսության հնարավորությունը, հարկադրված է լինելու կտրուկ փոխել իր մարտավարությունն ու գործողությունների բնույթը։ Մենք դեռևս հակված չենք իշխանության հետ վերջնագրի լեզվով խոսելու, բայց ժողովրդի համբերությունն էլ չափ ու սահման ունի։ Ապրիլի 28-ը պետք է դառնա կա՛մ երկխոսության սկզբնավորման, կա՛մ էլ՝ իշխանության ու հասարակության վերջնական ջրբաժանի օր», – հայտարարել է Տեր-Պետրոսյանը։