Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տիեզերք մարդու առաջին թռիչքի 50-ամյակի տոնակատարության միջոցառումների շրջանակում Հայաստան ժամանած Ռուսատանի Դաշնության «Ռոսկոսմոս» գործակալության պատվիրակությանը` տիեզերագնաց-օդաչու, ՌԴ հերոս Միխայիլ Տյուրինի գլխավորությամբ:
Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանում մեծ նշանակություն են տալիս տիեզերք մարդու առաջին թռիչքի 50-ամյակի տոնակատարությանը և հպարտանում, որ ժամանակին լինելով մի մեծ և ընդհանուր երկրի կազմում, հայերը կարողացել են իրենց զգալի ներդրումն ունենալ տիեզերք մարդու առաջին թռիչքի նախապատրաստման, տիեզերքի ճանաչման ու տիեզերագնացության զարգացման գործում:
«Մենք իսկապես հպարտանում ենք մեր ընդհանուր պատմության հերոսական դրվագներով: Կարծում եմ` ով չի հիշում անցյալը` չի կարող ունենալ ապագա: Ես շատ ուրախ եմ, որ այդ միջոցառումների հասցեատերն առաջին հերթին երիտասարդությունն է, քանի որ ավագ սերնդի ներկայացուցիչները շատ լավ հիշում են այդ ժամանակաշրջանը: Ուրախալի է, որ նրանք ոչ միայն հասցեատերն են, այլ իրենք էլ ակտիվորեն մասնակցում են միջոցառումների անցկացմանը: Սա լավ առիթ է երիտասարդներին բացատրելու, որ ապագան պատկանում է նրանց, ովքեր ունեն գիտելիք, խիզախ են, ունեն համառություն»,- Սերժ Սարգսյանի խոսքերն է մեջբերում ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը: