«Սա այն դեպքն է հայերի պարագայում, երբ ակամա հիշում ես ամերիկացիների սիրած մի արտահայտություն` no news, good news (չկա նորություն. սա ամենալավ նորությունն է): Ես չեմ կարծում, որ նորությունները հայերի մասին լինեն մեզ ուրախացնող: Այսինքն, որ այսպես մնա, ավելի լավ կլինի», – այսպես է սփյուռքագետ Էդուարդ Մելքոնյանը մեկնաբանել արաբական երկրներում ապրող հայերի հետ կապված իրավիճակը:
Խոսելով արաբական աշխարհում իրադարձությունների ֆոնին հայերին սպառնացող վտանգների մասին` նա նշել է, որ հայտնի չէ, թե նոր վարչակարգն ինչ քաղաքականություն կվարի, որքան կուժեղանա իսլամի դերը, որքան կարևոր դիրքեր կգրավեն իսլամի ռադիկալ շերտերը. «Որևէ երկրում այսպիսի ռադիկալ փոփոխությունների ժամանակ առաջին տուժողը լինում է ազգային փոքրամասնությունը»:
Մելքոնյանի խոսքով` Եգիպտոսում ապրում է մոտ 6 հազար հայ, որոնք կենտրոնացած են մայրաքաղաք Կահիրեում և Ալեքսանդրիայում: «Երբ սկսվեց այդ հեղաշրջումը, հայ համայնքը որդեգրեց չեզոք դիրք», – ասել է սփյուռքագետը` շեշտելով, որ նման փոքրաքանակ համայնքի պարագայում այդքան էլ կարևոր չէ, թե ինչ դիրք է գրավում:
Սիրիայում, սակայն, այլ պատկեր է. այստեղ ապրում է 80 հազարից ավելի հայ: Նրանց հիմնական մասը բնակվում է Հալեպում, այնուհետև` Դամասկոսում, Լատակիայում:
«Այստեղ համայնքը առաջին իսկ օրվանից և մինչ օրս դարձավ իշխող նախագահի մեջքին և իր հավատարմությունը իշխող վարչակարգին բազմիցս ցուցաբերեց», – ասել է Մելքոնյանը:
Սիրիայի հայերի այս դիրքորոշումը նա բացատրում է հետևյալ կերպ. «Հայ համայնքը, կարելի է ասել, բացառիկ հնարավորություններ ուներ նորմալ կենսագոյության համար` եկեղեցիներ, դպրոցներ, մշակութային, բարեգործական, երիտասարդական և այլ կազմակերպություններ: Այսինքն` որևէ առարկայական պատճառ չկար, որպեսզի տեղի հայությունը դժգոհ լիներ իշխանությունից»: