ԱՄՆ Պետդեպի` ապրիլի 8-ին հրապարակած 2010 թվականի մարդու իրավունքների զեկույցի Հայաստանին վերաբերող բաժնում անդրադարձ է կատարվում քաղաքական բանտարկյալներին:
«Քաղաքական բանտարկյալներ և կալանավորվածներ» կոչվող հատվածում զեկույցի հեղինակները նշում են, որ 2010 թվականի ընթացքում իշխանությունները վաղաժամկետ ազատ են արձակել 4 ընդդիմադիր գործիչների` Աշոտ Մանուկյանին, Մուշեղ Սաղաթելյանին, Գաբրիել Գաբրիելյանին և Ֆելիքս Գևորգյանին: Եվս երկու ընդդիմադիր գործիչներ` Մկրտիչ և Ժոռա Սափեյան եղբայրները, ազատ են արձակվել իրենց ողջ պատժաժամկետի` 2 և 2,5 տարի համապատասխանաբար, ավարտից հետո:
ԱՄՆ Պետդեպը հիշեցնում է, որ ընդդիմության ներկայացուցիչները ձերբակալվել են 2008 թվականի նախագահական ընտրությունների առնչությամբ և հետընտրական շրջանում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով:
«Դատարանի առջև հայտնված անհատներից շատերի ձերբակալությունները և դատական վարույթները այս կամ այն չափով քաղաքականացված բնույթ էին կրում: Ոմանք դատապարտվեցին «իշխանության բռնազավթման» կամ «զանգվածային անկարգությունների կազմակերպման» մեղադրանքով, մինչդեռ շատերն էլ կալանավորվեցին զենք կրելու մասին օրենքի խախտման կամ ձերբակալությունների ժամանակ դիմադրություն ցուցաբերելու համար: Քրեական օրենսգրքի որոշ փոփոխությունների արդյունքում «իշխանության բռնազավթում» հոդվածը հանվեց մեղադրանքից, սակայն մյուս մեղադրանքները դեռևս գործում են: Իշխանությունները շարունակում են հերքել երկրում քաղբանտարկյալների առկայությունը», – ասված է զեկույցում:
ԱՄՆ Պետդեպը հատուկ անդրադարձ է կատարում քաղբանտարկյալներ Սասուն Միքայելյանին և Նիկոլ Փաշինյանին: Մասնավորապես, նշվում է, որ 2008 թվականի նախագահական ընտրություններին ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին աջակցող Միքայելյանին 2010 թվականի ընթացքում սրտի վիրահատություն է ունեցել: Չնայած Միքայելյանի ներկայացուցիչների պնդումներին, որ ԱԺ նախկին պատգամավորը պետք է ստացիոնար բուժում ստանա քաղաքացիական հիվանդանոցում, Արդարադատության նախարարությունը համարում է, որ նա կարող է բուժում ստանալ նաև դատապարտյալների հիվանդանոցում:
ԱՄՆ Պետդեպն անդրադարձ է կատարում նաև «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի գործին` նշելով, որ քաղբանտարկյալը գտնվում է անազատության մեջ «զանգվածային անկարգություններ» կազմակերպելու մեղադրանքով: Զեկույցի հեղինակները նշում են, որ նրա գործով դատավարության ընթացքը և յոթ տարվա ազատազրկումը բազմաթիվ դիտարկողներ անվանել են «քաղաքականապես պատճառաբանված»: