Ապրիլի 8-ին երեկոյան (Երևանի ժամանակով ապրիլի 9-ին վաղ առավոտյան) ԱՄՆ Պետդեպը հրապարակել է 2010 թվականի մարդու իրավունքների ոլորտին վերաբերող զեկույցը, որում անդրադարձ է կատարվում աշխարհի բոլոր երկրներին:
Հայաստանին վերաբերող ծավալուն զեկույցի առաջին հատվածում հեղինակներն անդրադառնում են Հայաստանում մարդու կյանքն անօրինական կամ միտումնավոր խլելու ամենաաղմկահարույց դեպքերին, որոնք տեղի են ունեցել 2010 թվականի ընթացքում: Զեկույցում նշվում է, որ Հայաստանի իշխանությունները քաղաքական դրդապատճառներով սպանություններ չեն իրագործել:
«Այնուամենայնիվ, չորս ոստիկանության սպա կանգնել են դատարանի առջև ենթադրաբար մեղադրյալին ծեծելու և նրան ինքնասպանության դրդելու մեղադրանքով, ինչպես նաև բանակում գրանցվել են մի շարք կասկածելի սպանություններ, որոնք իրագործվել են ոչ պատերազմական վիճակի պայմաններում», – ասված է զեկույցում:
Հեղինակները մանրամասն անդրադարձ են կատարում ապրիլի 13-ին Չարենցավանի ոստիկանության բաժնում մահացած Վահան Խալաֆյանի դեպքին, որի հետևանքով 4 սպայի նկատմամբ ինքնասպանության դրդելու մեղադրանք է առաջադրվել: Զեկույցում հատուկ նշվում է, որ Խալաֆյանի մահից անմիջապես հետո ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հայտարարել է, որ Խալաֆյանը չէր կարող ծեծի ենթարկվել ոստիկանական բաժանմունքում, սակայն քննության հետագա ընթացքն ապացուցել է, որ նա կտտանքների է ենթարկվել ոստիկանների կողմից, որից հետո Սարգսյանը հրապարակավ ներողություն է խնդրել:
Զեկույցում անդրադարձ է կատարվում նաև բանակում սպանությունների դեպքերին, մասնավորապես, հուլիսի 28-ին տեղի ունեցած Արտակ Նազարյանի սպանությանը: Պետդեպի զեկույցում նշվում է, որ, ըստ պաշտոնական վարկածի, Նազարյանն ինքնասպան է եղել այլ սպաների կողմից կտտանքների ենթարկվելուց հետո, սակայն Նազարյանի հարազատները մեղադրում են բանակի ղեկավարությանը դեպքի մանրամասները կոծկելու մեջ` նշելով, որ Նազարյանին իրականում սպանել են:
Զեկույցում նաև նշվում է, որ 2010 թվականի ընթացքում ոչ պատերազմական իրավիճակի պայմաններում հայկական բանակում զոհվել է 54 մարդ, ինչը 10-ով ավելին է, քան 2009 թվականին: Պաշտոնական վիճակագրության համաձայն, դրանցից 11-ը զոհվել են հակառակորդի գնդակից, 13 դեպքում սպանություն է արձանագրվել, 8 մարդ զոհվել է հիվանդությունից, 6 մարդ` ՃՏՊ-ների հետևանքով, 5-ը` դժբախտ պատահարների, 4-ը` զենքի հետ անզգույշ վարվելու պատճառով, ինչպես նաև գրանցվել է ինքնասպանության 3 և ֆիզիկական բռնության հետևանքով մահացության 1 դեպք:
Զեկույցի հեղինակները մեջբերում են իրավապաշտպանների կարծիքն առ այն, որ հիմնականում բանակային ղեկավարությունը չի ցանկանում պատժի ենթարկել նրանց, ովքեր կանգնած են կասկածելի սպանությունների հետևում:
Պետդեպի զեկույցի տվյալ հատվածում նշվում է նաև, որ «էթնիկ հայ անջատողականները Հայաստանի օգնությամբ շարունակում են վերահսկել ադրբեջանական Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանը, ինչպես նաև այն շրջապատող 7 ադրբեջանական տարածքները»:
«Ադրբեջանի սահմանի երկայնքով տեղադրված հակահետևակային ականները մարդկանց կյանքի համար վտանգ են սպառնում: 2010 թվականի ընթացքում կառավարական աղբյուրների համաձայն` ականների պատճառով 12 զինվորական վիրավորվել է և 1 քաղաքացի է զոհվել», – ասված է զեկույցում:
Նշվում է նաև,որ շարունակում է չբացահայտված մնալ 2009 թվականի փետրվարին իրականացված ՀՀ փոխոստիկանապետ, գնդապետ Գևորգ Մհերյանի սպանությունը: