ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող է կողմերին առաջարկներ ներկայացնել, սակայն համանախագահները ամենակարող չեն, հայտարարել է փորձագետ Շոն Ֆարենը:
«Կա մի ասացվածք` «կարելի է ջուրը բերել, մոտեցնել, սակայն ստիպել խմել անհնար է»: Միջնորդները շատ բան կարող են անել, սակայն չեն կարող համերաշխությունը կողմերի վզին փաթաթել»,- Ֆարենի խոսքերն է մեջբերում aze.az-ը:
Փորձագետի խոսքով` երկու ազգերի միջև համերաշխության հաստատման համար պետք է համագործակցային կապեր ստեղծվեն տարբեր ոլորտներում:
Նրա կարծիքով` հակամարտող կողմերի երկխոսության համար նպաստավոր կարող է լինել հասարակական կազմակերպությունների գործունեությունը, որոնք «էական դերակատարություն ունեն քաղաքական համաձայնության հասնելու հարցում»: Սակայն, վերջիվերջո, որոշում կայացնում են երկրների առաջնորդները:
Հիշեցնենք, որ ապրիլի 11-12-ը Մինսկի խմբի համանախագահները Հայաստանում բանակցություններ կվարեն: Այցելության ընթացքում համանախագահները կհանդիպեն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և ԱԳ նախար Էդվարդ Նալբանդյանի հետ: