«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամներ Ժիրայր Սեֆիլյանը և Տիգրան Խզմալյանը հոդվածներով են հանդես եկել` անդրադառնալով ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի` ապրիլի 8-ի հանրահավաքի ելույթի` Սեֆիլյանին վերաբերող հատվածին: Հիշեցնենք, որ հանրահավաքի ընթացքում, երբ մարդիկ վանկարկել են «Լևոն, նախագահ», ՀԱԿ առաջնորդն արձագանքել է. «Սեֆիլյանն ասում է` մի ասեք` «Լևոն նախագահ»»: Տեր-Պետրոսյանի այդ արտահայտությունից հետո մարդիկ ավելի ուժեղ են սկսել վանկարկել նույն կարգախոսը: «Սա էլ մեր պատասխանը Չեմբերլենին», – հայտարարել է ՀԱԿ առաջնորդը:
Facebook-յան իր էջում տեղադրված «Ի՞նչ է նշանակում պատասխանել Չեմբերլենին» հոդվածում Տիգրան Խզմալյանը նշում է, որ «հայրենակիցներից շատերը ու հատկապես սփյուռքահայերը չհասկացան` ինչ իրականում նկատի ուներ Տեր-Պետրոսյան Լևոնը` ուղղելով Ժիրայր Սեֆիլյանին «ահա մեր պատասխանը Չեմբերլենին»:
«Ոմանք խորացան պատմության մեջ` հայտնաբերելով, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Չեմբերլենը հաշտարարի դեր փորձեց խաղալ Հիտլերի համար, մյուսները հանրագիտարաններն էին կչփորում: Իզուր: Եղիազար Այնթափցու ու Գետադարձու մասնագետն այս անգամ մեջբերում կատարեց սովետական դասական գրքից, ավելի ճիշտ` դրա հիման վրա հայտնի կինոնկարից, որտեղ Իլֆ ու Պետրովի հերոսներից մեկը հիասթափության պահին ապուշացած նայում է մի պաստառի, ուր երեք մատի հայտնի կոմբինացիայի տեսքով սովետական պատասխանն է պատկերված անգլիական հերթական վերջնագրին: Կարծեմ, Սաշիկ Սարգսյանից հետո մատերի նման կոմպոզիցիա մեր քաղաքական կյանքում օգտագործվեց երկրորդ անգամ: Սարգսյան-եղբայրը հայտնի խորհրդանիշը ցույց տվեց անցյալ տարի «Լեզվի մասին» օրենքի փոփոխության դեմ բողոքող ժողովրդին, Կառավարության շենքի մոտ: Երկրորդ անգամ նույն ձևով պատասխան տրվեց ազգային հերոս, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանին: Ինչպես երևում է, իշխանության հետ մերձեցումը կատարվում է անգամ բարոյական հողի վրա», – գրել է Խզմալյանը:
Նա նաև իր էջում սովետական պաստառի մի քանի օրինակներ է ներկայացրել:
«Սարդարապատ» շարժման կայքում տեղադրվել է նաև Ժիրայր Սեֆիլյանի պատասխանը,ով անդրադառնում է Տեր-Պետրոսյանի ողջ ելույթին և, մասնավորապես, իրեն վերաբերող մասին.
«Որպես ընդդիմադիր ամենամեծ բևեռի առաջնորդի ելույթ` այն գնահատում եմ որպես խիստ պարտվողական: Իսկ ինչ վերաբերում է ինձ ուղղված հատվածին, կասեմ հետևյալը։Իմ վերջին` մարտի 30-ի ասուլիսի նախօրյակին Լևոն Զուրաբյանը բարձրաձայնել էր, որ մինչև ապրիլի 8-ը իրենք պատրաստ են լսել ցանկացած առաջարկություն ՀԱԿ-ի գործունեության կամ գործողությունների վերաբերյալ: Իմ առաջարկության փաթեթը եղել է հենց այդ տրամաբանության համատեքստում և Տեր-Պետրոսյանի հիշատակած միտքը եղել է ընդամենը մեկ առանձնացված կետ այդ փաթեթից:
Մենք ականատեսն ենք եղել, թե ինչպես հանրահավաքների ժամանակ բեմահարթակից տարբեր գործիչներ, ներառյալ Տեր-Պետրոսյանը, ժողովրդի կողմից ինքնաբուխ հնչեցված «ՀԻՄԱ» բացականչությունների նկատմամբ կիրառել են ճնշում և լռեցնելու փորձեր, որոնք պսակվել են հաջողությամբ: Կարծում եմ` «Լևոն, նախագահ» «ինքնաբուխ» բացականչությունը ևս հանգիստ կարելի էր լռեցնել հենց Տեր-Պետրոսյանի կողմից` խնդրելով ժողովրդին, որ մինչև այն ժամանակը, երբ չի վերացել բռնապետությունը՝ հանուն դիմադրական ընդհանուր գործին ավելի լայն զանգվածների համախմբման ու ներգրավման, լավ կլինի չհնչեցնել այս կարգախոսը: Առավել ևս, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ի սկզբանե համաժողովրդական շարժմանն աջակցող ժողովրդի հետ ուներ պայմանավորվածություն, որ վերջինս իրեն օգտագործի որպես ավազակապետության կազմաքանդման «ԳՈՐԾԻՔ»։Եվ վերջապես, իշխող ռեժիմին ուղղված պարտվողական դիմումների փոխարեն, շատ ավելի լավ կլիներ, որ ենթատեքստ ունեցող ուղերձներ ուղղվեին չգիտես ինչու արդեն մոռացված «թաթար-մոնղոլական ավազակապետության» պարագլուխներին, և ոչ թե գործընկերներին, որոնք պայքարել և պայքարելու են այս ռեժիմից օր առաջ ազատվելու համար։Բռնապետության դեմ պայքարի ներկա փուլում ինձ համար անընդունելի է ընդդիմադիր գործիչների կողմից իրար նկատմամբ հրապարակային որևէ հեգնանք, առավել ևս անհանդուրժողականության ցանկացած դրսևորում»։