Հայ ազգին նման գավառական ցածրորակ ձևաչափով և խղճուկ վիճակում ներկայացնելը պատշաճ արարք չէ: Այս մասին, խոսելով ապրիլի սկզբին կայացած «Տաշիր-2011» համահայկական երաժշտական մրցանակաբաշխության մասին, իր բաց դասախոսության ընթացքում ասել է Հայաստանի նախկին վարչապետ, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը:
Նրա խոսքով` «նման ցածրորակ մշակույթը ի ցույց դնելը պայմանավորված է ազգային ինքնությամբ»: «Ազգը, երկիրը, որն իսկապես բազմադարյան լուրջ հոգևոր արժեքներ ունի, ինքն իրեն նման ծիծաղելի կերպով դրսևորելու իրավունք չունի»,-ռեկտորի խոսքերն է փոխանցում համալսարանի կայքը:
«Այն էներգիան, կազմակերպչական տաղանդը, որ ծախսվել էին այդ միջոցառումը կազմակերպելու համար, կարող էին և պետք է օգտագործվեին հակառակ նպատակներով: Մենք պետք է մեր մշակույթն ի ցույց դնենք, մենք հսկայական մշակութային ժառանգություն ունենք` ի դեմս Կոմիտասի, Արամ Խաչատուրյանի, Ավետ Տերտերյանի և այլ մարդկանց: Այս փաստը ցանկացած ազգի երաժշտական պատմության հպարտության առարկան կարող էր լիներ: Իսկ մենք, ունենալով այդ պատմությունը, բոլորովին այլ լույսի ներքո ենք մեզ ներկայացնում Կրեմլի սրահում և դեռ գլուխ էլ գովում ենք, թե մենք` հայերս, «գրավել» ենք Կրեմլը»,- ասել է Դարբինյանը:
Նախկին վարչապետը նաև նշել է, որ անցած մրցանակաբաշխությունը ինչ-որ առումով արտացոլում է Հայաստանի ներկայիս իրավիճակը, մասնավորապես, համարվում է թույլ պետության ցուցանիշ: «Եթե երկիրն ունի իր որոշակիորեն հստակ ուղղվածությունը, այն չպետք է թույլատրի, որպեսզի նման ազգային երաժշտական մրցանակաբաշխություններ կազմակերպվեն, երկիրը պետք է ուղղորդի ժողովրդին դեպի իր սեփական արժեքների ճիշտ ընկալում»,- եզրափակել է նա: