Այսօր Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է փետրվարին ՀԱԿ-ի քաղխորհրդի կողմից ընդունված «ՀՀ Հանրակրթության հեռանկարային զարգացման ծրագիրը»:
Ինչպես նշվում է Կոնգրեսի կայքում ծրագրի հիմնական նպատակն է` կրթության ոլորտում անցկացնելով հետևողական բարեփոխումներ՝ դրանք դարձնել միջազգային կրթական համակարգերին մրցունակ, ժամանակակից չափանիշներին համապատասխանող և նորարարական գաղափարները խթանող համակարգ:
Ըստ ծրագրի` ՀՀ հանրակրթության ոլորտում բարեփոխումների կարևորագույն առաքելություններն են լինելու`
• ՀՀ հանրակրթության տարբեր օղակները միջազգային չափանիշներին բավարարող բարձր որակավորմամբ կադրերով ապահովելը.
• հանրակրթական դպրոցների աշակերտների քաղաքացիական դաստիարակության և կրթական մակարդակի առավելագույնս բարձրացումը.
• գիտելիքի փոխանցման մրցակցային համակարգի ձևավորումը (վերացնելով վարչահրամայական համակարգը), հավասար մրցակցային պայմանների ստեղծումը պետական և մասնավոր հաստատությունների միջև.
• պետական պարտադիր կրթական ծրագրի իրականացումը պետության հաշվին, անկախ դպրոցի սեփականության ձևից.
• մատաղ սերնդի կրթադաստիարակչական հիմնախնդիրների (ֆիզիկական, հիգիենիկ, գեղագիտական դաստիարակության, պատասխանատվության, իրավունքի, ազատության և հանդուրժողականության գաղափարների) ու անձնային որակների, հմտությունների և այլ կարողությունների ձևավորումը։
Կրթության ոլորտի բարեփոխումները սերտորեն փոխկապակցված են այդ ոլորտի ենթահամակարգերում (հանրակրթության և բարձրագույն կրթության) և գիտության ոլորտում առկա խնդիրների միասնական լուծման հետ: Բարեփոխումների հիմնական ուղղություններն են լինելու՝
• մատչելիության, տեղեկատվության ազատ տեղաբաշխման և հասանելիության ապահովումը.
• հարաբերությունների ֆորմալիզացման բարձր աստիճանը.
• հանրակրթական ծրագրերը պետական լեզվով իրականացնելու սահմանադրական պահանջի վերականգնումը.
• հանրակրթական հաստատություններում քաղաքական և կրոնական գաղափարախոսությունների քարոզչության և գործունեության բացառումը, կրթության սահմանադրորեն ամրագրված աշխարհիկ բնույթի ապահովումը.
• սովորողների կողմից ուսումնական հաստատության ընտրության իրավունքի երաշխավորումը.
• պետության և անկախ փորձագիտական հաստատությունների կողմից ուսման որակի վերահսկումը (անկախ կրթօջախի սեփականության ձևից).
• գիտելիքի ազատ և բազմաշերտ տեղաբաշխման երաշխավորումը.
• ոլորտի բարեփոխումների ընթացքի թափանցիկության և գործընթացներին քաղաքացիական հասարակության մասնակցության լիարժեք ապահովումը:
Հայ Ազգային Կոնգրեսը նշում է, որ առաջնահերթ խնդիր է համարում ՀՀ քաղաքացու՝ կրթություն ստանալու իրավունքի ապահովումը և գիտելիքի հասարակության ձևավորումը։
«ՀՀ հանրակրթության ոլորտում արմատական բարեփոխումների հասնելու համար օրենքով կսահմանվեն, կկանոնակարգվեն և կիրականացվեն հետևյալ առաջնահերթ քայլերը`
Հանրակրթության ֆինանսավորում և կառավարում.
1. Հանրակրթության նկատմամբ հասարակության վստահությունը ձևավորելու և քաղաքացու պատասխանատվությունը բարձրացնելու համար հանրակրթության պետական ծրագրի սահմաններում (կրտսեր, միջին և ավագ դպրոցներ) կիրականացվի կրթության ֆինանսավորում անհատական հավաստագրերի միջոցով։
1) Կներդրվի բյուջետային միջոցների հատկացման՝ սովորողների ֆինանսավորման Կրթության պետական հավաստագրման անհատական համակարգ։ Կապահովվեն ամենամսյա վճարումները սովորողների ֆինանսավորման Կրթության պետական հավաստագրման համակարգով։ Կֆինանսավորվեն ոչ թե դպրոցները, այլ աշակերտները:
2) Կդադարեցվի դպրոցների ընդհանուր նախահաշվով (բազային) ֆինանսավորումը։ Այս կամ այն դպրոցի ֆինանսավորումը կախված կլինի դիմորդի (ծնողի, խնամակալի, աշակերտի) վճարման ներկայացված կրթական Հավաստագրերի թվից: Կրթական Հավաստագրերը չեն թույլատրվելու արժեթղթերի շուկայում ազատ շրջանառության և խստագույնս ամրագրված են լինելու տվյալ աշակերտին:
2. Պետական բյուջեով կրթությանը հատկացվող դրամական միջոցները ամբողջությամբ կդրվեն աշակերտին տրվող հավաստագրի վրա` դրանք մեկ սովորողի հաշվարկով տեսակավորելով և կանոնակարգելով երկու ուղղությամբ`
• սովորողի թվով, մեկ սովորողի տարեկան հատկացվող գումարի մեջ կհաշվարկվի ուսուցման հետ կապված բոլոր ծախսերը, այդ թվում՝ ուսուցչի աշխատավարձը, ուսումնական գրականությունը, արտադասարանային կրթամշակութային ծրագրերը, արձակուրդային հանգիստը և ուսուցման այլ միջոցները (նոր տեխնոլոգիաներ, ինտերնետ ծառայության ծախսեր, լաբորատոր սարքեր, նյութեր և ուսումնական պիտույքներ), ուսուցիչների վերապատրաստման, ծրագրամեթոդական ծառայությունների ծախսերը.
• ուսումնական հաստատության պահպանության ծախսերը` կախված հաստատության շենքային և կոմունալ ծախսերի ծավալից: Տարեկան հատկացվող գումարի մեջ կընդգրկվեն բոլոր տեսակի կոմունալ, շենքի պահպանության, նորոգման և բարելավման ծախսերն ու շենքի շահագործումն իրականացնող աշխատողների աշխատավարձը:
• միասնական կրթական չափորոշիչների շրջանակներում կխրախուսվի յուրաքանչյուր աշակերտին գիտելիքի փոխանցման անհատական մոտեցումը՝ համապատասխան հստակ մեխանիզմների մշակմամբ նախատեսելով նաև անհատական ծրագրերով ուսուցումը։ Հետագայում հնարավոր կլինի հրաժարվել ծրագրային կոշտ քաղաքականությունից և ներդնել անհատական եղանակներով դասավանդման համակարգ:
3. Պետության կողմից հանրակրթության ֆինանսավորումը կհասցվի ՀՆԱ-ի 2,2%-ի, աճման միտումով, 10 տարվա ընթացքում հասցնելով մինչև 3-4%:
4. Ծայրամասերում, հեռավոր գյուղերում, ծնողների ցանկության դեպքում, կխրախուսվեն փոքրաթիվ աշակերտներով դասարանները կամ անհատական ուսուցման համակարգերը՝ անկախ ուսուցման ինքնարժեքից։ Պետության կողմից ամեն տարի կհաստատվի այդպիսի դպրոցների ցանկ, որոնցում՝ Հավաստագիր բերելիս, յուրաքանչյուր Հավաստագրի հաշվին բյուջեից համապատասխան հավելավճար կկատարվի։ Դպրոցների կոմունալ և լրացուցիչ ծախսերը կկատարվեն նաև մասնավոր նվիրատվություններից՝ այդ կարգի նվիրատվությունները խրախուսելու համար պետության կողմից համապատասխան հարկային արտոնություններ կսահմանվեն։
5. Արտաբյուջետային միջոցների հավաքագրման և արդյունավետ օգտագործման համար յուրաքանչյուր ուսումնական հաստատության խորհուրդը կստեղծի հոգաբարձական խորհուրդ, որում կներգրավվեն տվյալ միկրոհամայնքի գործարարները, ծնողները, համայնքային հիմնարկությունները։ Հոգաբարձական խորհուրդը իրավունք կունենա ստեղծել տվյալ հաստատության զարգացման հիմնադրամ։
6. Հանրակրթական դպրոցում դասավանդող ուսուցչի կարգավիճակը, պաշտոնային հստակ նկարագիրը, իրավունքներն ու պարտականությունները կսահմանվեն առանձին օրենքով։
7. Սահմանամերձ, բարձր լեռնային բնակավայրերում մանկավարժների համար կսահմանվեն օրենսդրորեն ամրագրված հավելավճարներ (ստացված աշխատավարձի կեսից ոչ պակաս), ինչպես նաև սոցիալական երաշխիքների կայուն համակարգ։ Հավելավճարների հատկացումը կկատարվի աշակերտական Հավաստագրերի միջոցով։
8. Կվերակառուցվեն 12 տարի նորմատիվային ժամկետով գործող հանրակրթական հիմնական ծրագրերը համապատասխանաբար վերասահմանելով կրտսեր, միջին և ավագ դպրոցներում ուսման տևողությունը՝ ելնելով սովորողների տարիքային ֆիզիոլոգիական զարգացման առանձնահատկություններից և հաշվի առնելով համաշխարհային առաջատար կրթական համակարգերի փորձը: Միջնակարգ (կրտսեր և միջին) դպրոցներում ուսուցանվող ծրագրերի ծավալներից կախված, ուսման տևողությունը կլինի` կրտսեր դպրոցում 6 տարի, միջին դպրոցում 3 տարի, իսկ ավագ մասնագիտական դպրոցներում՝ 3 տարի։
9. Արհեստների ուսուցումը ավագ դպրոցներում կլինի պետության և հասարակության հատուկ հոգածության առարկա՝ կազմելով ուսումնառության զարգացած համակարգի կարևոր բաղադրիչ։ Կտարվի դպրոցների մասնագիտացման հետևողական քաղաքականություն այս կամ այն ուղղություններով (երաժշտության, լեզուների, արվեստների, արհեստագործության, սպորտի և այլ): Ժամանակի ընթացքում յուրաքանչյուր դպրոց կվերածվի գիտելիքի և մշակույթի կրթական կենտրոնի:
10. Ավագ դպրոցներում (10-12 դասարաններում) քաղաքացիական պաշտպանության և ռազմագիտության դասընթացներին զուգահեռ դպրոցական արձակուրդների ժամանակ կկազմակերպվեն ամառային և ձմեռային ճամբարներ, որտեղ անցկացրած ժամանակահատվածը խաղաղ պայմաններում կհամարվի ծառայություն:
11. Հայաստանում կեցության իրավունք ստացած օտարերկրյա քաղաքացիների երեխաները կօգտվեն հանրակրթության ընդհանուր հիմունքներից և իրավունքներից:
12. Ուսուցչի դրույքաչափը կձևավորվի ուսուցչի, կրթահամալիրի տնօրինության և կրթության հավաստագիրը տնօրինողի (աշակերտի, ծնողի, խնամակալի) ինքնակարգավորվող փոխհարաբերություններով՝ աշխատանքային օրենսգրքի շրջանակներում, ինչը կբերի կրթության որակի և ուսուցիչների աշխատավարձի շեշտակի բարձրացման։
13. Դասարանների առավելագույն խտությունը հանրակրթական դպրոցում կդառնա 25 աշակերտ։
14. Հանրակրթական հաստատություններում ինքնակառավարման ժողովրդավարական մեխանիզմները ամրապնդելու համար կընդլայնվեն կառավարման և խորհրդակցական մարմինների (աշակերտական խորհուրդներ, ծնողխորհուրդներ, մանկխորհուրդներ, հոգաբարձուների խորհուրդը) լիազորություններն ու իրավասությունները։
15. Պետության համար խիստ կարևոր և ռազմավարական նշանակություն կունենա մասնագիտական տեխնիկական (արհեստագործական) կրթությունը, այն ներկայիս խղճուկ վիճակից դուրս բերելու համար պետական հոգածությունը կզուգակցվի գործարար շրջանակների հետ փոխշահավետ համագործակցությամբ՝ կմշակվեն և կգործադրվեն աշակերտների անհատական պատրաստման, կոնկրետ մասնագիտություններով կրթական ծրագրերի պատվիրման և ֆինանսավորման սխեմաներ, որոնք հիմնված կլինեն մասնագիտական կրթության բոլոր շահեկիցների (տարբեր գերատեսչությունների և գործարարների) գործուն և համագործակցային ներգրավվածության վրա։
16. Պետությունը կապահովի կրթության (նախադպրոցական և հանրակրթական) առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ընդունակություններին ու կարողություններին համապատասխան և առողջությանը համարժեք ուսումնական միջավայր, սոցիալական ադապտացման, անհրաժեշտ ունակությունների ձեռքբերման, աշխատանքային, մասնագիտական և ընտանեկան կյանքի պատրաստվածության համապատասխան պայմաններ։
Նախադպրոցական կրթություն
17. Նախադպրոցական կրթությունը հանրակրթության հենք դարձնելու համար ոլորտում կկատարվեն բովանդակային և իրավական բարեփոխումներ, որը թույլ կտա նախադպրոցական (ավագ խումբ) ուսուցման բովանդակությունը դարձնել ապագա քաղաքացու կերտման հիմքը:
1) Նախադպրոցական կրթության ուսուցման բովանդակությունը անհրաժեշտ ծրագրերով ապահովելու նպատակով նախադպրոցական հատատությունները համայնքային ենթակայությունից կանցնեն մարզպետարանների ենթակայության տակ, որը թույլ կտա հանրապետության ողջ տարածքում միասնական մոտեցում ցուցաբերել այս կարևոր ոլորտի զարգացմանը.
2) Նախադպրոցական ուսումնական հաստատությունների ծրագրերը կներառեն հայոց այբուբենի, պարզագույն թվաբանական գործողությունների, երկու օտար լեզուների (տարրական մակարդակով) յուրացումը, ինչպես նաև արտասանության, երգեցողության (հայերեն և ուսուցանվող օտար լեզուներով), նկարչության և այլ հմտությունների զարգացումը.
3) Նախադպրոցական դասարաններում (մեկ տարի) երեխաներին համակողմանիորեն կնախապատրաստեն հանրակրթական դպրոցում սովորելուն. շենքային առումով դրանք մեկտեղված կլինեն կրտսեր և միջին դպրոցների հետ, որոնց հնարավորություն կտրվի ստեղծելու նախաչպրոցական դասարաններ։
Գիտելիքների գնահատման համակարգ
18. Կստեղծվի գիտելիքների գնահատման անկախ համակարգ։ Դպրոցում դասավանդող ուսուցիչները իրավունք չեն ունենա ընդունել նույն դպրոցի աշակերտների քննությունները: Նրանք իրավունք կունենան ստուգել որևէ այլ դպրոցի աշակերտների գիտելիքներ: Այս կերպ երկրում կձևավորվի գիտելիքի գնահատման որակապես այլ, ժամանակակից համակարգ: Ուսուցիչների շրջանում կառաջանա նոր, հատուկ շերտ` գնահատող մասնագետների հանրություն: Կստեղծվի գիտելիքի գնահատման գործակալություն, որը կձևավորի գիտելիքի գնահատման մասնագետների (ուսուցիչների և գիտնականների) համապետական համակարգչային շտեմարան: Քննություններից առաջ պատահական ընտրությամբ շտեմարանից կընտրվեն գիտելիք գնահատող մասնագետները և կգործուղվեն պատահական ընտրված ուսումնական հաստատություն ըստ մասնագիտության այս կամ այն առարկայի քննությունն ընդունելու:
19. Ուսումնական ծրագրերը կֆորմալացվեն և կկանոնակարգվեն՝ դրանց բովանդակությունը հստակ կկապակցվի գնահատման մեթոդների և եղանակների հետ, իսկ գիտելիքների ստուգումը կիրականացվի թե՛ գրավոր, թե՛ բանավոր և թե՛ թեստերով՝ հաշվի առնելով առարկայի յուրահատկություններն ու պահանջները: Կրթության որակի չափորոշիչների ներդրման միջոցով (ըստ առարկաների և դասարանների) պետության կողմից կֆորմալիզացվի գիտելիքի, իմացության և հմտությունների տարեկան գնահատման որակը:
20. Գիտելիքի գնահատման այսօրինակ ցանցի ձևավորման ու արմատավորման արդյունքում հնարավոր կլինի նաև գիտելիքները ստուգել` քննություններ ընդունել, անհատական գրաֆիկներով: Աշակերտը հնարավորություն կունենա իր գնահատականը բարձրացնելու համար առանձին դիմելու և նորից քննություն հանձնելու: Պետությունը կֆինանսավորի միայն ուսումառության ընթացքում կազմակերպվող համապետական քննաշրջանները: Կրկնակի քննությունների ժամանակ քննության ծախսերը պետք է հոգա աշակերտը: Ցանկացած քաղաքացի, առանց տարիքային սահմանափակման, նույնպես պետք է կարողանա դիմել գիտելիքի գնահատման գործակալություն իր մասնագիտական ցուցանիշները բարձրացնելու համար:
21. Դպրոցներում դասավանդման տարեկան և քննական շրջանների արդյունքներով կստեղծվի աշակերտների առաջադիմության համապետական համակարգչային շտեմարան: Յուրաքանչյուր աշակերտ միաժամանակ կունենա ուսումնական առաջադիմության անհատական գրքույկ, ուր արձանագրված կլինեն թե՛ տարեկան, թե՛ քննական շրջանների արդյունքները, և թե՛ դասավանդած ուսուցչի և գիտելիք գնահատած մասնագետի տվյալները:
22. Այն երեխաների նկատմամբ, որոնք կսովորեն այլ քաղաքներում, շրջաններում, հեռու իրենց ծնողներից, կներդրվի խնամակալության ինստիտուտ, որը կկարգավորվի համապատասխան օրենքներով: Խնամակալական գործունեությունը կֆինանսավորվի ծնողների, բարեգործական հիմնադրամների, իսկ սոցիալապես անապահով, ծնողազուրկ երեխաների պարագայում՝ պետբյուջեի միջոցների հաշվին», – ասված է ՀԱԿ-ի ծրագրում։