Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ ապրիլի 11-ից ներքաղաքային կանոնավոր փոխադրումների երթուղիների սպասարկման մոնիտորինգ է ընթանում: Առավել անաչառություն ապահովելու նպատակով երթուղիներ սպասարկող ընկերությունները մոնիտորինգի վերաբերյալ նախօրոք չեն տեղեկացվել։
Մոնիտորինգի նախնական արդյունքներն ամփոփելու նպատակով Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը ապրիլի 14-ին հանդիպել է երթուղիներ սպասարկող ընկերությունների տնօրեններին։ Հանդիպման ընթացքում նշվել են բոլոր այն թերությունները, որոնք արձանագրվել են շրջայցերի ժամանակ: Խախտումներ կատարած ընկերությունների տնօրենները խստորեն նախազգուշացվել են, և թերությունները շտկելու համար սահմանվել են ժամկետներ:
Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետն ընդգծել է, որ մոնիտորինգի վերջնական արդյունքների վերլուծությունը հիմք կհանդիսանա երթուղիները սպասարկող կազմակերպությունների պայմանագրային պարտականությունների կատարման և երթուղիների սպասարկման մակարդակը գնահատելու համար: Թերացող ընկերություններն, ըստ վարչության պետի, անվստահելի գործընկեր կճանաչվեն և, բնականաբար, կտրուկ կնվազեն մրցույթում հաղթելու նրանց հնարավորությունները։
Մոնիտորինգի առաջին շաբաթվա միջին վիճակագրությամբ ամենաշատ խախտումներ արձանագրվել են շարժակազմերի արտաքին տեսքի ու անբավարար մաքրություն մասով։ Արձանագրվել են դեպքեր, երբ վարորդները կանգառումները խախտումներով են կատարել՝ շատ դեպքերում վնասելով կանգառները փողոցի բանուկ մասից սահմանազատող ռետինե բարձիկները: Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետն առավել մտահոգիչ է գնահատել երթուղիների սպասարկման շարժման միջակայքը` մեկ առ մեկ թվարկելով այս առումով թերացած երթուղիները, հաղորդում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: