Թուրքական մի շարք հասարակական կազմակերպություններ, լրագրողներ և գիտնականներ ապրիլի 15-ից մինչև 17-ը «Ատելությունից ծնված հանցագործություններ» խորագրով կոնֆերանս են անցկացրել` նվիրված Թուրքիայում խոսքի ազատության սահմանափակումներին և ատելության հողի վրա իրականացվող հանցագործություններին, հաղորդում է Today’s Zaman-ը:
Կոնֆերանսը կազմակերպվել էր «Հասարակական փոփոխությունների համար» ասոցիացիայի և «Վերջ ռասիզմին և ազգայնականությանը» կազմակերպության կողմից:
Կոնֆերանսի սկզբում կազմակերպիչները ներկայացրել են վերջին տարիներին տեղի ունեցած աղմկահարույց մի շարք հանցագործություններ:
Մասնակիցները ներկայացրել են 2000 թվականին Փարիզում մահացած երաժիշտ Ահմեդ Կայայի նկատմամբ սկսված արշավը: Այդ տարիներին երաժիշտը ստիպված էր եղել հեռանալ երկրից իր նկատմամբ սկսված քաղաքական հետապնդումների պատճառով: Կոնֆերանսի մասնակիցները խոսել են նաև 2007 թվականին սպանված թուրքահայ լրագրող, «Ակօս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության, ինչպես նաև 2007 թվականին քրիստոնեական գրականություն վաճառող երեք մարդկանց սպանության մասին: Ներկայացված հանցագործությունների թվում նշվել է նաև Տրաբզոնում գործող կաթոլիկ եկեղեցու քահանա հայր Անդրեա Սանտորոյի սպանությունը:
Կոնֆերանսի մասնակիցներն ընդգծել են այն փաստը, որ հանցագործ խմբավորումներից շատերի դրդապատաճառները ատելության զգացումքով են պայմանավորված, որոշ մասնակիցներ էլ նշել են ատելության ձևավորման հարցում լրագրողների նպաստող դերը: Գրող Օրալ Չալիշլարն ասել է, որ որոշ ազդեցիկ լրագրողներ, ովքեր «ատելության ձևավորման առաջամարտիկներ են», դեռևս շարունակում են իրենց ակտիվ գործունեությունը:
Կոնֆերանսի ընթացքում ընդգծվել է երկրում ատելության գնահատման ավելի ընդգրկուն մոտեցման կարևորությունը, քանի որ երկրի կրթական համակարգը ստիպում է մարդկանց ատել բոլորին, ովքեր «թուրք» չեն: Նշվել է, որ Հ/Կ-ների ևն անհատների աշխատանքային խումբը ատելության հողի վրա իրականացվող հանցագործությունների դեմ պայքարի օրենսդրական բարեփոխում են մշակել: