ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից իրականացված դիտանցումների արդյունքում որոշ մանրածախ առևտրի կետերում հայտնաբերվել են տարբեր ընկերությունների արտադրության մսամթերքի տեսակներ, որոնք շուկա են հանվել օրենքի խախտումներով:
Մասնավորապես, «Բարի սամարացի» ընկերության կողմից արտադրվող «Մոսկովսկայա» տեսակի ապխտած երշիկների փաթեթավորման վրա բացակայում են արտադրության տարեթիվը, ամիսը, օրը: Նույն կերպ իրենց արտադրատեսակները շուկա են հանել «Գեղարդ մսամթերքի կոմբինատը» («Սերվիլատ»), «Մարիլա» ընկերությունը («Սերվիլատ»), «Աթենք» ընկերությունը («Բրաունշվեյգսկայա »), «Երեմկան» («Զեռնիստայա»), «Գամջալյան եղբայրները» («Կոնյաչնայա»), «Էրեբունի աստղ» ընկերությունը («Կոնյաչնայա»), «Ջրվեժի մսամթերքի կոմբինատը» («Կոնյաչյնայա»), «Ա. Բիլյան» ընկերությունը («Սերվելատ»), «Մուշը» («Կռակովսկայա») և «Արարատ» արտադրական կոոպերատիվը («Կոնյաչնայա»):
Վերոնշյալ ընկերությունների կողմից ոչ պատշաճ մակնշումը օրենքի խախտում է: Այն կարող է ապակողմնորոշել սպառողին:
«Տնտեսվարողի կողմից նման վարքագիծը, որը կարող է մոլորեցնել հասարակությանը համարվում է անբարեխիղճ մրցակցություն: Տվյալ դեպքում մոլորեցում է համարվում այն, որ վերոնշյալ ընկերությունների կողմից արտադրված երշիկների փաթեթավորման վրա բացակայում է արտադրության տարեթիվը, ամիսը և օրը», – ասված է Հանձնաժողովի հաղորդագրության մեջ:
Այսօր՝ ապրիլի 18-ին կայացրած Հանձնաժողովի նիստում որոշվեց անբարեխիղճ մրցակցության դրսևորման համար վերոնշյալ ընկերություններին տուգանել 500 հազարական դրամի չափով, որն այս դեպքում օրենքով սահմանված առավելագույն պատժաչափն է: Բացի այդ, Հանձնաժողովի որոշմամբ, տուգանված ընկերությունները պարտավոր են 5-օրյա ժամկետում հանել նշված արտադրատեսակները շրջանառությունից և հետագայում բացառել օրենքի խախտումը: