Ապրիլի 24-ին Թուրքիայի մի քանի քաղաքներում, մասնավորապես, Ստամբուլում, Անկարայում, Դիարբեքիրում, Բոդրումում անցկացվելու են միջոցառումներ` նվիրված Հայոց Ցեղասպանության տարելիցին: Today’s Zaman կայքի իր սյունյակում Օրհան Քեմալ Չենգիզը փորձում է կանխատեսել, թե ինչ տեղի կունենա այդ օրը, երբ Թուրքիայի հարյուրավոր քաղաքացիներ հարգելու են 1915 թվականի հայկական ջարդերի զոհերի հիշատակը:
«Նախևառաջ հնարավոր չի լինի թույլտվություն ստանալ իշխանություններից: Ոստիկանությունը երթը «ապօրինի» կհամարի և կհարձակվի ցուցարարների վրա: Ոստիկանության կողմից հարվածներ ստանալը անշուշտ լավագույն սցենարը կլինի: Բայց շատերը հավանաբար շատ ավելի վտանգավոր սադրանքների կդիմեն: Մարդկանց վրա, հավանաբար, հարձակում կգործեն ուլտրաազգայնականների խմբերը, իսկ ոստիկանները կկանգնեն և պարզապես կհետևեն իրադարձություններին:
Եթե այս ամենը տեղի տեղի չունենա, մենք պետք է հարգանքի տուրք մատուցենք իշխանություններին: Անցյալ տարի Ստամբուլում ոստիկանները բոլոր անհրաժեշտ միջոցառումներն իրականացրեցին ցուցարարներին հարձակումներից պաշտպանելու համար և ես լիահույս եմ, որ այս տարի ողջ երկրով մեկ այդ արարողությունները կանցկացվեն խաղաղ կերպով: Անցյալ տարվա միջոցառումը շրջադարձային կետ էր Թուրքիայի համար: Թեև կառավարությունը պահպանում է 1915-ի վերաբերյալ նույն բյուրոկրատական վերաբերմունքը պաշտոնական հարթության վրա, սակայն ցույցերն ու ցուցարարների պաշտպանությունը մենք պետք է ընդունենք որպես կառավարության ոչ պաշտոնական աջակցությունը Թուրքիայի անցյալը «հիշելու» գործընթացին:
Դժվար է հավատալ, որ մենք ի վիճակի եղանք սկսել քննարկել տաբու համարվող Հայոց Ցեղասպանության հարցը միայն 2005 թվականին, երբ Բիլգի համալսարանը միջազգային սիմպոզիում կազմակերպեց այդ թեմայով: Այդ ժամանակ բողոքի ցույցեր կազմակերպեցին «Էրգենեկոն» ազգայնականների խմբավորման կողմից:
Երբ նայում եմ 1915-ի դեպքերին, ես ավերիչ երկրաշարժ եմ տեսնում, որի ցնցումները շարունակվում են Թուրքիայի ողջ նորագույն պատմության ընթացքում: 1915-ի երկրաշարժը նոր լանդշաֆտ ստեղծեց, որից ծնունդ առավ Թուրքիայի ժամանակակից քաղաքականությունը: Եթե հարցնեք ինձ, պետական խմբավորումները, Լինչի դատաստանրերը և այս տրամադրությունները մենք ժառանգել ենք ողբերգությանը չհակառակվելու պատճառով: Ժամանակակից Թուրքիայի ողջ պատմության ընթացքում մենք վկա ենք եղել այդ ավերիչ երկրաշարժի ցնցումներին ջարդերի, Լինչի դատաստանի, առանձին անհատների սպանությունների տեսքով: 2007 թվականի Հրանտ Դինքի սպանությունը այդ երկրաշարժերի երկար շղթայի վերջին օղակներից էր:
Թուրքիան չի անցել այն ճգնաժամային շեմը, որտեղ արյունոտ անցյալը պարզապես պատմություն կլիներ: Երկրի այս մութ կողմը դեռ ամբողջապես չի լուսավորվել: Երկար ժամանակ կպահանջվի մեզանից այս անցյալին հակադրվելու համար: Մենք երկար բուժման գործընթացի մեկնարկային փուլում ենք: Այստեղ` Թուրքիայում, մենք շատ երկար ապրել ենք զոհվածների չթաղված դիակների հետ միասին: 1915-ը միայն սկիզբն էր: Դա ամենահզոր երկրաշարժն էր, բայց դրա հետևանքներրը դեռ շարունակվում են:
Այս կիրակի`ապրիլի 24-ին, մենք Ստամբուլի Թաքսիմ հրապարակում կլինենք, ինչպես նաև Անկարայի Սակարյա հրապարակում, Դիարբեքիրի Մարդու իրավունքների այգում և Բոդրումի քաղաքապետարանի հրապարակում` հարգելու 1915-ի զոհերի հիշատակը: Մենք լռության մեջ կհիշենք զոհերին»: