Թուրքիայի իշխանությունները պետք է ճանաչեն 1915 թվականի Հայոց Ցեղասպանությունը, պետք է ընդունեն իրենց հանցանքը, որ հայերի ցավը մի փոքր մեղմվի: Սա ստամբուլաբնակ Սասուն Էստուկյանի կարծիքն է, ով մի քանի հարյուր այլ մարդկանց թվում մասնակցեց Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակում կազմակերպված Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը: Նշենք, որ նման միջոցառումներ այսօր անցկացվեցին նաև Թուրքիայի այլ քաղաքներում՝ Անկարայում, Դիարբեքիրում, Բոդրումում:
Epress.am-ի թղթակցի հետ զրույցում Սասունն ասել է, որ Ցեղասպանության ճանաչումը չափազանց կարևոր է.
«Կարևոր է միայն մեկ բանով, մեր ցավը կթեթևանա: Ու մենակ ճանաչելը չէ, պետք է ասեն ներողություն, մենք սխալ ենք եղել, ներեք մեզ»,- ասել է նա:
Մեկ այլ զրուցակից՝ թուրք ուսանողուհի Էսլա Էլմասը, ասել է, որ Ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի իշխանությունների կողմից կարևոր է երկու երկրների ժողովուրդների համար, որպեսզի նրանք կարողնան խաղաղ գոյակցել այս տարածքում:
«Մենք կիսում ենք հայերի ցավը, յուրաքանչյուր ոք պիտի գիտակցի, որ առանց ցավը, վիշտը կիսելու չեն կարող երկու ժողովուրդներ ապրել միասին, այն նույն ժողովուրդները, ովքեր դարեր ի վեր մի աշխարհագրական տարածքում ապրել են իրար հետ: Եկեք մոռանանք իշխանություններին, նրանք շատ հաճախ մարդկանց մանիպուլիացիայի են ենթարկում, և սովորական մարդիկ սպանություններ են իրագործում, ինչպես 1915 թվականին է եղել: Մենք մարդասպաններ չենք, և մենք այն հին թուրքերը չենք, ու, հայերի ցավը կիսելով, պետք է ցույց տանք դա»,- ասել է Էլմասը:
Միջոցառման մասնակից ազգությամբ քուրդ Բեքիր Ավջընն ասել է, որ ինքն այսօր մասնակցում Ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառմանը մի բանի համար, որպեսզի թուրք ազգայնամոլների նման չմտածի և իրադարձությունները նրանց պես չընկալի:
«Իհարկե, պատմությունը հետ չես կարող բերել, բայց մարդկության և ժողովրդավարության համար անհրաժեշտ է, որպեսզի Թուրքիայի իշխանությունները ճանաչեն Ցեղասպանությունը: Մեկ հոգու մահն անգամ մոռանալ և ներել չի կարելի»: