Կովկասի միավորման ծրագրեր նախաձեռնում են տարբեր մարդիկ, այդ թվում` մտավորականները, որոնք. ցավոք սրտի, պատմությունից դասեր չեն քաղել:
Respublika.kz-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ռուսաստանյան ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի փորձագետ Աջդար Կուրտովը:
– Երբ փլուզվեց ռուսական կայսրությունը, ես նկատի ունեմ 1917 թվականը, երկրի ծայրամասային հատվածներում բազմաթիվ երկրներ առաջացան, այդ թվում` Անդրկովկասյան Դաշնությունը, որն ընդգրկում էր Ադրբեջանը, Վրաստանն ու Հայաստանը: Իրադարձություններն այնպես դասավորվեցին, որ 1917 թվականին համառուսական ընտրությունները չկեղծվեցին, և բոլոր խորհրդարաններում հայտնվեցին մարդիկ, որոնք իրավամբ ժողովրդի կողմից էին ընտրվել: Եվ այս երեք պետություններում էլ ընտրություններում հաղթեցին բոլշևիկների ընդդիմադիրները: Հայաստանում հիմնականում իշխում էին դաշնակները, Վրաստանում` մենշևիկների կուսակցությունը, Ադրբեջանում` սոցիալիստների ներկայացուցիչ «Մուսավաթ» կուսակցությունը:
Այս միավորումը փաստացիորեն գոյատևեց ընդամենը մի քանի ամիս: Բավարար էր մեկ արտաքին ազդակ, արտաքին մեկ ռազմական վտանգ: Քանի որ թվարկված բոլոր կուսակցությունները պատկանում էին սոցիալիստներին և ակնհայտ կերպով բոլշևիկներին դեմ էին, Բրեստի համաձայնագիրը կնքելուց հետո նրանք ոտքի կանգնեցին և հայտարարեցին, որ չեն կատարելու խայտառակ համաձայնագրի պայմանները, այլ պատերազմ են սկսկելու «անիծյալ իմպերիալիստական Թուրքիայի դեմ»: Թուրքական պատերազմը արագ բոլորին իրենց տեղը դրեց: Թուրքերը սկսեցին հաղթանակներ տանել պատերազմներում, և իրական վտանգ կար, որ նրանք կհասնեն Թբիլիսի:
Այդ իսկ պատճառով Անդրկովկասյան Դաշնությունը արագ կերպով գերմանացիների միջոցով փորձեր արեց խաղաղ համաձայնագիր կնքել օսմանյան Թուրքիայի հետ: Այս բանակցությունները անցնում էին, կարծեմ, Բաթումում, և թուրքերը բավական դաժան պայմաններ առաջադրեցին, որոնք արտահայտվում էին մեծ տարածքային պահանջների տեսքով:
Այդ պահանջներից խուսափելու համար «Կովկասյան միացյալ նահանգների» քաղաքական գործիչները գերմանացիների օգնությամբ որոշեցին խորամանկ քայլ անել. որոշեցին հասնել նրան, որ վերանա բանակցությունների սուբյեկտը` Անդրկովկասյան Դաշնությունը: Իրավաբանական լեզվով, երբ վերանում է բանակցությունների սուբյեկտը, կարելի է և չկատարել պահանջները: Եվ նրանք այդ արտաքին վտանգի շնորհիվ հասան նրան, որ փաստացիորեն երեք խորհրդարաններում ընտրություններ անցկացվեցին, որի արդյունքում Դաշնությունը փլուզվեց:
Ըստ էության, թուրքերը դադարկաձեռն մնացին, և առաջացան երեք պետություններ` Հայաստան, Վրաստան,Ադրբեջան: Այս երկրները գոյատևեցին շատ կարճ ժամանակահատված: Երբ բոլշևիկները ավելի հաստատվեցին, հաղթանակ տարան Ռուսաստանի քաղաքացիական պատերազմում, նրանք Կարմիր բանակը մտցրեցին այդ բոլոր տարածքները, որտեղ հաստատվեց խորհրդային իշխանություն: