«Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը «Առավոտ» օրաթերթին տված հարցազրույցում այլ հարցերի թվում անդրադարձել է նաև «Ժառանգություն»-ՀԱԿ փոխհարաբերություններին:
– Կա՞ որոշակի խանդի զգացողություն ՀԱԿ-«Ժառանգություն» հարաբերություններում: Տպավորություն կա, որ այսօր ընդդիմադիր դաշտում մրցակցությունն ավելի մեծ է, քան իշխանականում:
– Իշխանական ուժերը կոալիցիոն նոր համաձայնության եկան ու կարծես այս կողմից բոլոր խնդիրները լուծել են, թեև ամեն ինչ հնարավոր է: Ինչ վերաբերում է ընդդիմությանը , ապա ընդդիմությունը միշտ էլ մի քիչ բազմաբնույթ է եղել`ի տարբերություն իշխանության, որը կոնկրետ է հանդես գալիս: Ընդդիմությունը իր մեջ ունենալով բազմաբնույթայնություն`կարող է որոշակի մրցակցության մեջ լինել, բայց բարեբախտաբար, բոլոր ընտրություններում էլ մեր կողմից ոչ խանդի դրսևորումներ են եղել, ոչ հարվածներ որևէ կողմին: Եթե այլ ուժերի կողմից «Ժառանգության» նկատմամբ կլինեն խանդի դրսևորումներ , անառողջ մրցակցություն, ապա դա հենց այդ ուժերի խնդիրը կարող է լինել, մենք նման դրսևորումներից զերծ ենք: Մեր մրցակցությունը իշխանական ուժերի հետ և ոչ`ընդդիմության, և հենց այդ տեսլականով էլ «Ժառանգությունը» կառուցում է իր գործունեությունը:
– Լևոն Տեր-Պետրոսյան- Րաֆֆի Հովհաննիսյան ապրիլի 17-ի հանդիպումը Պանթեոնում `Կարեն Դեմիրճյանի տարեդարձի օրը, հնարավո՞ր է իր մեջ դեռ պարունակում է չբացահայտված սենսացիա:
– Սա սենսացիա չէր, որևէ խնդիր չկա, ընդդիմադիր երկու լիդերներ հանդիպել են ձեր նշած օրը, այնպես որ` այդ հանդիպումը քաղաքավարության և բարեկրթության շրջանակներում ամբողջովին տեղավորվում է: Եվ այդ հանդիպումից սենսացիա սպասելը տեղին չէ, որովհետև քաղաքական հարցերը, կարևորագույն քաղաքական համաձայնությունները ոչ թե այդպիսի հանդիպումներում են լուծվում, այլ պլանավորված հանդիպումների ժամանակ: