ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը համարում է, որ իր կողմից առաջարկված միջնորդության հնարավորությունը իշխանությունների և ընդդիմության միջև դեռևս սպառված չէ: Այս մասին Անդրեասյանը հայտարարել է այսօրվա մամուլի ասուլիսի ընթացքում, որում նա ամփոփել է իր պաշտոնավարման 50 օրը:
Նա շնորհակալություն է հայտնել ՀԱԿ-ին առ այն, որ Կոնգրեսն առանց ցայտուն բացասական վերաբերմունքի է արձագանքել իր հայտարարությանը և նշել է, որ ծանոթ է Արամ Մանուկյանի անձնական դիրքորոշմանը (Մանուկյանը news.am-ին տված հարցազրույցում նշել էր, որ Կոնգրեսը կքննարկի օմբուդսմենի առաջարկը – Epress.am), որը հնարվորություն է տալիս ևս ներկայացնել իր կոնկրետ առաջարկը Հայ Ազգային Կոնգրեսին: Կարեն Անդրեասյանը կարծում է, որ կստանա պաշտոնական պաատսխան Կոնգրեսից և հուսով է, որ պատասխանը կլինի դրական:
Նշենք, որ, այնուամենայնիվ, երեկ երեկոյան ՀԱԿ-ը հայտարարություն էր տարածել, որում, մասնավորապես նշել էր, որ «իշխանության և Կոնգրեսի միջև ուղղակի երկխոսության ձևաչափում ոչ ներքին, ոչ արտաքին միջնորդի կարիք չկա»:
Անդրեասյանն անդրադարձել է նաև ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանի այն հայտարարությանը, որ օմբուդսմենը չի կարող միջնորդ լինել ընդդիմության և իշխանությունների միջև: ՄԻ պաշտպանի խոսքով` ինքը կարող է յուրաքանչյուրին հակառակն ապացուցել, և դրա համար բավական է կարդալ ՀՀ Սահմանադրությունը և Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքը:
Հավելենք, որ Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը ` «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ գործող պաշտպանին օրենսդրորեն տրված չէ երկու քաղաքական ուժերի միջև միջնորդ լինելու գործառույթը:
«Ես չեմ տեսնում և որևէ օրենքի հոդված, կամ Սահմանադրությամբ նախատեսված որևէ մի կետ, որն այդպես ուղղակիորեն կտա այդ լիազորությունները մարդու իրավունքների պաշտպանին», – ասել է Ալավերդյանը: