ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ ինքը կարող է պաշտպանել մարդկանց հետևյալ պետական մարմինների կողմից նրանց իրավունքների խախտման դեպքում` Կադաստրի պետական կոմիտե, ԴԱՀԿ, ՀՀ ոստիկանություն, ՀՀ դատախազություն, Զինված ուժեր, ՔԿՀ-ներ, Աշխատանքի պետական տեսչություն, Պետեկամուտների կոմիտե, գյուղապետարաններ, քաղաքապետարաններ, մարզպետարաններ:
Լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյո՞ք Մարդու իրավունքների պաշտպանը կարող է պաշտպանել լրագրողներին, օրինակ, պատգամավորներից, պաշտպանը բացասական պատասխան է տվել:
«ԱԺ-ի պատգամավորը պետական հիմնարկ չէ, և մենք, ցավոք, ԱԺ պատգամավորից չենք կարող պաշտպանել, բայց եթե որևէ լրագրողի վիրավորում են և իր նկատմամբ կիրառում են բռնություն, և ոստիկանությունը քայլեր չի ձեռնարկում, լրագրողը կարող է մեզ դիմել, և մենք արդեն ոստիկանության անգործությունից կպաշտպանենք լրագրողին»,- ասել է Անդրեասյանը:
Լրագրողները նաև հետաքրքրվել են օմբուդսմենից, թե արդյոք իրեն մեղավոր չի զգում` Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու վիրավորանքի և զրպարտության հոդվածների ապաքրեակաանցման նախագծի համար: ՄԻ պաշտպանը նշել է, որ դա վատ նախագիծ չէ և ինքն իրեն մեղավոր չի համարում:
Անդրեասյանը կարծում է, որ այդ օրենքի ընդունումից հետո նվազել են լրագրողների նկատմամբ բռնությունները:
Լրագրողների այն հարցադրմանը, թե այդ օրենքի ընդունումից հետո լրատվամիջոցներին սկսեցին ֆինանսական ճնշման ենթարկել, Անդրեասյանը պատասխանել է, որ իր համար ավելի կարևոր է, որ լրագրողը չհայտնվի բանտում կամ հիվանդանոցում, քան որ լրատվամիջոցը ֆինանսապես կտուժի:
Անդրեասյանը նաև երկու խնդրանքով է դիմել լրագրողներին:
Առաջինը` մարդկանց փոխանցել, թե ինչ հարցերով կարող են դիմել իրենց գրասենյակ և հորդորել, որ հույսները չկորցնեն:
Երկրորդ խնդրանքը հետևյալն էր. «Եթե նույնիսկ չեք ուզում օգնել, ապա մի խանգարեք, մի փորձեք ոչնչացնել ՄԻՊ-ի գրասենյակը: Այս գրասենյակը միտված է օգնելու հազարավոր մարդկանց»,- ասել է նա:
Երբ լրագրողները խնդրել են ՄԻ պաշտպանին մի դեպք հիշել, երբ լրագրողները խանգարել են իրենց, Անդրեասյանն ասել է, որ դեռևս որևէ լրատվամիջոց չի խանգարել, բայց երբ սկսում են իր անձը ծաղրել, դրանով, Անդրեասյանի կարծիքով, թուլանում է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը: