ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Արմավիրի մարզի Մերձավան գյուղում գտնվող «Պոլիմեր Տրուբ» ընկերության նորակառույց գործարանային համալիր: Գործարանի բացման հանդիսավոր արարողությունից հետո Հանրապետության ղեկավարը շրջել է ձեռնարկության արտադրամասերում, ծանոթացել ընկերության հեռանկարային զարգացման ծրագրերին, ըստ որոնց նախատեսվում է գործարանի ընդլայնում և նոր ապրանքատեսակների արտադրություն, հայտնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:
«Պոլիմեր Տրուբ» ՍՊԸ ձեռնարկության ստեղծման հիմքերը դրվել են 2009թ., սիրիահայ գործարարների կողմից, ովքեր նախաձեռնել են Անդրկովկասում եզակի՝ խոշոր տրամաչափի խողովակների արտադրություն, նկատի առնելով հանրապետությունում սպառման ծավալներն ու տնտեսության որոշակի ճյուղերում` հիդրոէներգետիկա, ոռոգման համակարգ, ճանապարհային շինարարություն և այլն, դրանց մեծ պահանջարկը: