Home / Հայաստան / Անգամ «միաբևեռ» Ղարաբաղը չի համեմատվի Ադրբեջանի հետ. նախագահի նախկին թեկնածու

Անգամ «միաբևեռ» Ղարաբաղը չի համեմատվի Ադրբեջանի հետ. նախագահի նախկին թեկնածու

Քաղաքական դաշտի միաբևեռացման, իշխանությանը հակակշռող ընդդիմության բացակայության պայմաններում Ղարաբաղի ներքին իրավիճակը չի կարելի կայուն համարել: Newcaucasus.com-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Լեռնային Ղարաբաղի արտաքին քաղաքականության և անվտանգության գծով հասարակական խորհրդի ղեկավար, ԼՂՀ նախագահի նախկին թեկնածու Մասիս Մայիլյանը:

Նրա խոսքով` Արցախում ժողովրդավարության մակարդակի որոշակի նվազում է նկատվում: «Սակայն ես համաձայն չեմ այն մտքի հետ, որ            «քաղաքական իրավունքի» և «քաղաքացիական ազատությունների» պահպանման հարցում ԼՂՀ-ն արդեն հավասարվել է Ադրբեջանին` «անազատ» պետության կարգավիճակ ձեռք բերելով»,-հավելել է Մայիլյանը:

«Ժողովրդավարության զարգացումը ԼՂՀ-ի համար երկու կարևոր գործառույթ ունի: Նախ` ԼՂՀ-ի ժողովրդին հարմար կլիներ ապրել այնպիսի երկրում, որտեղ պաշտպանվում են մարդու իրավունքները և գործում են օրենքները: Երկրորդը` ԼՂՀ-ի համար ժողովրդավարությունը արտաքին քաղաքականության կարևոր գործառույթ ունի: Զարգացած ժողովրդավարական երկրները, ելնելով սեփական արժեքային համակարգից, հասկանում են, որ ժողովրդավարության առումով ավելի զարգացած հասարակությունը չի կարող կառավարվել մեկ այլ երկրի  բռնապետական ռեժիմի կողմից: Հետխորհրդային տարածաշրջանի երկրների մեծ մասում ժողովրդավարական արժեքներից հեռացում է նկատվում: ԼՂՀ-ի միջազգային ճանաչմանը հասնելու համար, իշխանությունը, քաղաքական կուսակցությունները և հասարակությունը պետք է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հետ պահեն այդ վտանգավոր միտումներից»,- հայտարարել է Մայիլյանը:

Խոսելով Ղարաբաղում Հայ Ազգային Կոնգրեսի գաղափարների տարածման միտման մասին` Մայիլյանն ասել է, «Հայաստանի քաղաքական կուսակցություններից ԼՂՀ-ում ներկայացված է միայն «Դաշնակցությունը», որը մտնում է ղարաբաղյան իշխանամետ կուսակցությունների բլոկի մեջ: 2007 թվականի մայիսից ԼՂՀ-ում կազմակերպված ընդդիմադիր ուժ չկա, թեև ընդդիմադիր տրամադրություններ նկատվում են»:

Իսկ հարցին` արդյոք հնարավոր է նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի վերադարձը ԼՂՀ, Մայիլյանը պատասխանել է, «Շատ բան կախված կլինի նախկին նախագահի քաղաքական կամքից և երևանյան ղեկավարության աջակցությունից»: