Մայիսի 3-ը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից հռչակվել է Մամուլի ազատության համաշխարհային օր: Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 19-րդ հոդվածը սահմանում է արտահայտման ազատությունը որպես մարդու հիմնարար իրավունք: Համաձայն ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի, «յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն: Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ՝ տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից: Լրատվամիջոցների և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է»։
Մայիսի 3-ը որպես Մամուլի ազատության համաշխարհային օր հռչակվել է ի պատիվ Վինդհուկի հռչակագրի: 1991 թվականի ապրիլի 29-ից մայիսի 3-ը Նամիբիայի մայրաքաղաք Վինդհուկում աֆրիկյան տարբեր երկրների ԶԼՄ-ների ներկայացուցիչներ հավաքվել են «Զարգացնելով անկախ և բազմակարծիք աֆրիկյան մամուլը» ՅՈՒՆԵՍԿՈ-ի սեմինարի շրջանակներում, որի արդյունքում մայիսի 3-ին հռչակագիր են ընդունել, որը վերաբերում է աֆրիկյան ԶԼՄ-ների նկատմամբ իրականացվող հետապնդմանը և գրաքննությանը: Այդ հռչակագրի ընդունման կապակցությամբ ՄԱԿ-ը հայտարարել է մայիսի 3-ը Մամուլի ազատության համաշխարհային օր:
Համաձայն Freedom House միջազգային կազմակերպության 2010 թվականի զեկույցի տվյալների, Հայաստանը մամուլի ազատության ցուցիչով դասվում է անազատ երկրների շարքին` բաժանելով 146-րդ տեղը Կամերունի, Կոտ դ’Իվուարի, Մարոկոյի և Քաթարի հետ:
Վերջին շրջանում միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները լուրջ մտահագություն են հայտնում հայաստանյան ԶԼՄ-ների դեմ դատական հայցերի թվի աճով: Մասնավորապես, մայիսի 1-ին այդ առնչությամբ հայտարարություն է տարածել «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը: Հայտարարության մեջ նշված է, որ միայն 2011 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ԶԼՄ-ների դեմ 12 դատական հայց է գրանցվել: Մասնավորապես, կազմակերպությունը հիշատակում է «Հայկական ժամանակ», «Ժամանակ», «Հրապարակ», «Երկիր» օրաթերթերը:
2009 թվականից Հայաստանում քաղաքական հայցաքների համար բանտարկված է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը: 2010 թվականի աշնանը «Կոշ» քրեակատարողական հիմնարկում Փաշինյանի վրա հարձակումներ են տեղի ունեցել: Լրագրողի հավաստմամբ, նրան պարբերաբար սպառնում են` հորդորելով հոդվածներ չտպագրել: Փաշինյանի խոսքով`«Արթիկ» ՔԿՀ տեղափոխվելուց հետո 2011 թվականի ընթացքում խոչընդոտներ են ստեղծվում իր նամակագրական կապի ապահովման և հոդվածներն օրաթերթի խմբագրություն փոխանցման առումով:
Ապրիլին հայաստանյան ԶԼՄ-ներն ակցիա են կազմակերպել, որի շրջանակում նամակ են ուղղում Փաշինյանին և հրապարակում քաղբանտարկյալի պատասխանը` դրանով իսկ խթանելով նամակագրական կապի անխափան ապահովումը:
Նշենք, որ այս տարվա ապրիլին Նիկոլ Փաշինյանն «Անկախ լրագրողներրի ցանց» հ/կ-ի կողմից առաջադրվել է 2007 թվականին Ստամբուլում սպանված հայազգի լրագրող Հրանտ Դինքի անվան միջազգային մրցանակի:
Լուսանկարը` unesco.org.uk