Այսօր Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համմարբերգը հրապարակել է այս տարվա հունվարի 18-ից 21-ը հայաստանյան այցի արդյունքում գրված իր զեկույցը, որի գլուխներից մեկը կոչվում է «Ազատազրկված անձինք»:
Համմարբերգը նշում է, որ ինքը բանտերում հանդիպել է Սասուն Միքայելյանի, Նիկոլ Փաշինյանի և Հարություն Ուռուտյանի հետ:
Ընդունելով այն փաստը, որ հայաստանյան իշխանությունները որոշակի քայլեր են ձեռնարկել 2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերի հետևանքով կալանավորված մարդկանց ազատ արձակելու ուղղությամբ՝ Հանձնակատարը շարունակում է լուրջ մտահոգություններ ունենալ այն մարդկանց վերաբերյալ, որոնք շարունակում են մնալ անազատության մեջ: Հանձնակատարը բազմաթիվ վստահելի վկայություններ և այլ տեղեկատվություններ է ստացել, որոնք հստակորեն մատնանշում են մարդու իրավունքների ոտնահարման դեպքերը` կապված 2008 թվականի մարտյան իրադարձությունների քրեական հետաքննության և դատական գործընթացների հետ: Սրանք կասկածի տակ են դնում վերջնական դատավճիռները և դրանց հանդեպ արժանահավատություն չեն ներշնչում:
Հանձնակատարը կոչ է անում Հայաստանի իշխանություններին ազատ արձակել մարտյան դեպքերի հետևանքով դեռևս բանտերում գտնվող ընդդիմության ակտիվիստներին: Սա կարող է նաև նպաստել հայ հասարակության վերքերի ապաքինմանը, որոնք դեռևս խորը արմատներ ունեն քաղաքական բաժանման հետևանքով:
Հանձնակատարը գտնում է, որ բանտում գտնվող Սասուն Միքայելյանի առողջական վիճակի վատթարացման վտանգ կա, և հորդորում է իշխանություններին այս հիմքերի վրա քննարկել նրա շուտափույթ ազատ արձակման հարցը: Հանձնակատարը ողջունում է Հարություն Ուռուտյանի և Ռոման Մնացականյանի ազատ արձակելու քայլը:
Հանձնակատարը կոչ է անում թույլ տալ Նիկոլ Փաշինյանին իր փաստաբանի հետ հանդիպել առանց երրորդ անձի ներկայության: Ավելին, հանձնակատարը գտնում է, որ խնդրահարույց է այն փաստը, որ նախնական կալանքի ժամանակահատվածը չի հաշվվել Փաշինյանի պատժաչափի մեջ և այն նախնական կալանքի ժամանակահատվածի չափով չի կրճատվել: Սա նշանակում է, որ որքան երկար մարդը մնա նախնական կալանքի տակ, որի ընթացքում նա անմեղ է համարվում, այնքան երկար նա պետք է անցկացնի անազատության մեջ վճիռից հետո: Հանձնակատարը կոչ է անում հայաստանյան իշխանություններին ավելի մեծահոգի և արդար տարբերակ ընտրել և քննարկել Նիկոլ Փաշինյանին վաղաժամկետ ազատ արձակելու հնարավորությունը:
Հանձնակատարը կոչ է անում ՀՀ իշխանություներին ազատ արձակել Սարգիս Հացպանյանին` համարելով, որ նա արդեն կարող է վաղաժամկետ ազատ արձակվել, ինչպես նաև հորդորում է լուծում գտնել նրա կարգավիճակի հարցում այնպես, որ նա և նրա ընտանիքը կարողանան մնալ Հայաստանում:
Հանձնակատարը նաև մտահոգված է մարտյան դեպքերի հետևանքով կալանավորված և դեռևս անազատության մեջ գտնվող մարդկանց հարազատների խնդրով, և ցանկանում է հիշեցնել, որ ընդունված չէ մարդկանց նկատմամբ տարբերակված վերաբերմունք դրսևորել այս կամ այն քաղաքական հայացքների համար: