Այսօր Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համմարբերգը հրապարակել է այս տարվա հունվարի 18-ից 21-ը հայաստանյան այցի արդյունքում գրված իր զեկույցը:
Համմարբերգը անդրադարձ է կատարել 2008 թվականի մարտի 1-ի դեպքերին: Եվրոպայի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարը ներկայացնում է իր տրամադրության տակ եղած փաստերը՝ նշելով, որ մարտի 1-ի դեպքերի հետևանքով սպանվել է 10 մարդ, սակայն որևէ մեկը մինչ այսօր պատասխանատվության չի ենթարկվել:
Իր եզրակացություններում Թոմաս Համմարբերգը, մասնավորապես, նշում է.
«Հանձնակատարը գտնում է, որ 2008 թվականի մարտի 1-2-ին կիրառված ուժն անհամաչափ է եղել և հանգեցրել է մարդու իրավունքների լուրջ խախտումների:
Հանձնակատարը հորդորում է Հայաստանի իշխանություններին անհապաղ ձեռնամուխ լինել տասը մարդկանց մահվան պատճառների և ձերբակալությունների ու բանտարկումների ժամանակ ոստիկանության կողմից իրականացված խախտումների հետաքննությանը:
Տասը մարդու մահվան պատճառներին վերաբերող ոստիկանության կողմից արդեն իրականացված հետաքննությունը չի համապատասխանել արդյունավետ հետաքննության սկզբունքներին: Արդյունավետ հետաքննությունը կարևոր է և այն գործնական կիրառություն է տալիս Եվրոպայի Մարդու իրավունքների կոնվենցիայի 2-րդ հոդվածին (կյանքի իրավունք) և 3-րդ հոդվածին (տանջանքների ենթարկելու և անմարդկային վերաբերմունքի արգելքը): Արդյունավետ հետաքննության հիմնական չափանիշները սահմանվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից: Դրանք են՝ հետաքննության անկախություն, համաչափություն, արագություն, հանրային վերահսկողություն և տուժածների ընդգրկում: Հետաքննությունը պարտավոր է բացահայտել մեղավորներին և պատժել նրանց:
Տվյալ դեպքում հետաքննությունը պետք է բացահայտի տասը մահվան դեպքերի հանգամանքները, պարզի, թե ովքեր են այն ոստիկանության սպաները, ովքեր պատասխանատու են տվյալ գործողությունների համար, և նրանց պատասխանատվության ենթարկի: Մանրակրկիտ կերպով պետք է հետաքննվի հրաման տված ղեկավարների խնդիրը, քանի որ կասկածներ կան ոստիկանության և ազգային անվտանգության պաշտոնյաների վերաբերյալ, ովքեր ղեկավարում էին մարտի 1-2-ի գործողությունները:
Տասը զոհերի ընտանիքները պետք է համաչափ փոխհատուցում ստանան իրենց հարազատների կորստի համար և պետք է ամբողջապես տեղեկացված լինեն հետաքննության ընթացքի մասին:
Կարևոր է, որ արդարությունն իրագործվի և տեսանելի լինի: Հանրությունը պետք է տեղեկացված լինի հետաքննության ընթացքի և դրա արդյունքների մասին: Սա մեծապես կօգնի հայկական հասարակության մեջ համերաշխության հաստատմանը:
Ոստիկանության այն պաշտոնյաները, ովքեր պատասխանատու են բռնությունների իրագործման և վատ վերաբերմունքի համար, ինչպես նաև բոլոր նրանք, ովքեր բռնագրավել են կամ ոչնչացրել են կարևոր տեսանյութեր, պետք է բացահայտվեն և պատասխանատվության ենթարկվեն: Նշենք, որ այն դեպքում, երբ ընդդիմության բազմաթիվ ակտիվիստներ և համակիրներ ձերբակալվել են, կանգնել են դատարանի առջև և բանտարկվել են, գրեթե ոչ մի պաշտոնյա պատասխանատվության չի ենթարկվել բռնարարքներ իրականացնելու համար: Սա լուրջ տպավորություն է ստեղծում, որ արդարությունը իրականացվել է ընտրովի սկզբունքով»:
Համմարբերգը հորդորել է Հայաստանի իշխանություններին բարեփոխումներ իրականացնել ոստիկանության, անվտանգության ծառայությունների և ուժային այլ կառույցներում, որոնք ուղղված կլինեն ոստիկանության կողմից կիրառվող բռնությունն ու տիրող անպատժելիության մթնոլորտն արմատախիլ անելուն:
Պակաս կարևոր չէ նաև դատական համակարգում բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությունը: Այս առումով Հանձնակատարը կոչ է անում Հայաստանի իշխանություններին շարունակել սերտ համագործակցությունը Եվրոպայի խորհրդի և միջազգային այլ կառույցների հետ դատական համակարգում, ինչպես նաև Քրեական օրենսգրքում բարեփոխումներ իրականացնելու հարցում: Առաջարկվում է այդ գործընթացն իրականացնելիս՝ հաշվի առնել ԵԱՀԿ/ԺՄՀԻԳ-ի մոնիտորինգի խմբի զեկույցը:
Ըստ Համմարբերգի` առանձին Հանձնաժողովի ստեղծումը, որը հսկելու է իրավապահ մարմինների գործունեությունը, կմեծացնի հասարակության վստահությունը իրավական կառույցների նկատմամբ և կօգնի պայքարել անպատժելիության դեմ:
Ստեղծվելիք մեխանիզմը պետք է լիովին անկախ լինի իրապավահ մարմիններից, ինչպես նաև գործադիր իշխանությունից: Հանձնաժողովը պետք է համապատասխան պարտավորվածություններ ունենա, այդ թվում` հնարավորություն ունենա հետաքննություն անցկացնել այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է մարդու իրավունքների կոպիտ խախտումներին:
Հանձնակատարը համոզված է, որ իշխանությունները մեծ սխալ կգործեն, եթե թույլ տան անտեսել 2008թ. մարտյան իրադարձությունների հետևանքով մարդկանց իրավունքների հանդեպ թույլ տված խախտումները և լուծում չտան այդ խնդիրներին: Այն հիասթափությունն ու զայրույթը, որն առկա է բնակչության որոշ զանգվածների մոտ, կարող են հանգեցնել ընդհանուր մթնոլորտի վատթարացման և բռնության նոր պոռթկումների: Իշխանությունները պետք է կապ պաշտպանեն ընդդիմության և զոհերի հարազատների հետ, որը նույնպես չափազանց կարևոր է հաշտության հասնելու համար: