Մայիսի 9-ին հրապարակած Հայաստանին վերաբերող իր զեկույցում Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգն անդրադարձել է 2010 թվականի ընթացքում հայկական բանակում գրանցված զինծառայողների մահվան բազմաթիվ դեպքերին:
Համմարբերգը նշել է, որ խորապես մտահոգված է հայկական բանակում ոչ պատերազմական իրավիճակում գրանցված մահվան, բռնությունների և դաժան վերաբերմունքի դեպքերի առիթով: Նա կոչ է անում հայկական իշխանություններին ամբողջապես ճանաչել այս փաստը և մեծացնել ջանքերն այդ միջադեպերի հետազոտման հարցում` հրամանատարների թողտվությանը վերջ դնելու և պատասխանատվության ենթարկելու համար: Հանձնակատարը վստահ է, որ երկրի առաջատար քաղաքական ուժերին անհրաժեշտ է ուժեղ և հաստատուն քաղաքական կամք դրսևորել միջադեպերը վերացնելու համար, որը ոչ միայն ոտնահարում է մարդկային իրավունքները, այլ նաև արժեզրկում է բանակը:
Հանձնակատարը հասկանում է, որ զինակոչիկները և սպաները, ովքեր այս իրավախախտումների զոհն են, եզակի դեպքերում են դիմում բողոքի արտահայտման անկախ մեխանիզմներին, ինչպիսին է օմբուդսմենը և դատարանները: Հանձնակատարը կոչ է անում հայաստանյան իշխանություններին և ռազմական կառույցներին բողոքի ազատ արատահայտման մեխանիզմներ ապահովել:
Հանձնակատարը հորդորում է հայկական իշխանություններին բարեփոխումներ մտցնել ռազմական կանոնակարգում և համապատասխանեցնել այն մարդու իրավունքների միջազգային չափանիշներին: Մասնավորապես, հանձնակատարը ցանկանում է, որպեսզի ենթադրյալ կարգուկանոնային խախտումների դեպքերը համապատասխան հետազոտության ենթարկվեն և որ որևէ ինքնաբուխ պատժամիջոցներ չկիրառվեն զինծառայողների նկատմամբ:
Հանձնակատարը կոչ է անում իշխանություններին հանրությանը բանակում արձանագրված խախտումների վերաբերյալ տեղեկատվությամբ ապահովել, այդ թվում` վիճակագրական տվյալներ ներկայացնել ոչ ռազմական իրավիճակում իրականացված սպանությունների և դրանց բնույթի մասին: Սա կնվազեցնի անվստահության մթնոլորտը և կասկածանքն այն սպանությունների նկատմամբ, որոնք մեկնաբանվում են որպես ինքնասպանության դեպքեր:
Հանձնակատարը կոչ է անում հայաստանյան իշխանություններին մեծացնել ջանքերը մարդու իրավունքների պաշտպանության հարցում և համապատասխան վերապատրաստման դասընթացներով ապահովել զինակոչիկներին և սպաներին հետագայում բռնություններից խուսափելու նպատակով և խթանել բողոքի արտահայտման մեխանիզմների մշակումը:
Մարդու իրավունքների հանձնակատարը հավատում է, որ մարդու իրավունքների անկախ դիտարկման կառույցի ստեղծումը, որը կազմված կլինի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից, փորձագետներից, նպատակուղղված կլինի զինված ուժերում մարդու իրավունքների վիճակի գնահատմանը: Այս մեխանիզմը պետք է կարողանա բազմապիսի հարցերի վերահսկման լայն շրջանակ ընդրգկել, ինչպիսիք են` բռնության դեպքերը, կոռուպցիան, դատական գործերը և բազմաթիվ այլ խնդիրներ: