«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում անդրադառնում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցին: Արամ Աբրահամյանի տեքստը ներկայացնում ենք առանց կրճատումների.
«Քանի որ ՀՀ երկրորդ նախագահի «Մեդիամաքսին» տված հարցազրույցի վերաբերյալ երեկ և այսօր մեկնաբանությունների պակաս չի զգացվում, հպանցիկ անդրադառնամ մի քանի կետերի` կենտրոնանալով այն խնդրի վրա, թե ինչու է Ռ. Քոչարյանն այդ հարցազրույցը տվել:
- «Մարտի 1»-ը ձեռնտու է նրանց, ովքեր այդ իրադարձությունները շահարկում են: Խոցելի տրամաբանություն է: Այդ դեպքում ցանկացած հանցագործություն ձեռնտու է ոչ թե հանցագործին, այլ դրա զոհին, որովհետև հենց զոհն է կամ նրա իրավահաջորդներն են պահանջում բացահայտել հանցագործությունը և պատժել ոճրագործին: Տվյալ դեպքում տուժողը ողջ հասարակությունն է:
- «Մարտի 1»-ի հետաքննությունը չի զբաղվում արտակարգ դրության ռեժիմի մտցնելու իրավական հիմքերով: Ի՞նչ գիտի, ՀՔԾ-ն նրան զեկուցո՞ւմ է, թե ինչով է զբաղվում:
- Եթե ընդդիմության առաջնորդը տանը նստելու փոխարեն փորձել սանձել ամբոխը, հնարավոր կլիներ խուսափել զոհերից: Այս պնդման մեջ, հակառակը, իմ կարծիքով, կա տրամաբանություն:
- «Պարտված թեկնածուն» հայտարարել է, որ պատրաստվում է գրավել նախագահական պալատը: Պարզապես սուտ է:
Բայց այս բոլոր հարցերը, իմ կարծիքով, երկրորդական են և հարցազրույցի համար, այսպես ասած, «ինֆորմացիոն առիթ են»: Ռոբերտ Քոչարյանը երեխա չի և շատ լավ գիտի, որ իրեն ոչ ոք չի պատրաստվում բռնել: Նույնիսկ եթե Լևոն Տեր-Պետրոսյանը գա իշխանության, երկրորդ նախագահին ոչ ոք Հաագա չի ուղարկի: Պարոն Քոչարյանի գլխավոր ասելիքը քաղաքական է և, համապատասխանաբար, նախընտրական: Ըստ այդմ, իշխանություն-ընդդիմություն երկխոսությունը կարող է լինել «ընտրողների թիկունքում կատարվող գործարք»: Դա ճիշտ այն է, ինչ արդեն մեկ ամսից ավելի է, ինչ բարձրաձայնում են Ռուբեն Հակոբյանը («Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ – Epress.am), Անդրանիկ Թևանյանը («7 օր» լրատվական կայքի խմբագիր – Epress.am), Դաշնակցությունը և այլք: Որպես երկխոսության հետևանքի` կոռուպցիայի և լճացման մասին երկրորդ նախագահի հիշատակումները հատկապես հուզիչ են. դա ասում է մի մարդ, որը իր նախագահ լինելու տարիներին, մեղմ ասած, չի աղքատացել, իսկ հեռուստաեթերը դարձրել է ոտից գլուխ «պատասխանատու»:
«Այդ գործընթացին, փառք Աստծո, չեմ մասնակցում»,- երկխոսության մասին ասում է Ռոբերտ Քոչարյանը: Այսինքն` լավ բան լիներ` կմասնակցեր: Պարոն Քոչարյանը նման պրոցեսներին իրականում չի կարող մասնակցել. իր խառնվածքով և մտածելակերպով նա, ինչպես նաև իր զինակիցները, «հարցերը չորով լուծելու» կողմնակից է: Սակայն այդ մոտեցումը հնացել է` աշխարհն այլ ուղղությամբ է շարժվում: Անկախ նրանից, թե ինչպես է հանգուցալուծվելու կոնկրետ այսօրվա իրավիճակը Հայաստանում, և ինչպես կբավարարվեն ՀՀ երկրորդ նախագահի ակնհայտ քաղաքական հավակնությունները, այդպիսի մտածողությունը չի կարող ապագա ունենալ»: