Ապրիլի 27-ին Epress.am լրատվական կայքը լրատվամիջոցների ակցիայի շրջանակներում 6 հարց էր ուղղել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանին: Այս շաբաթվա ընթացքում Epress.am-ը տպագրել է Փաշինյանի պատասխանները: Այսօր ներկայացնում ենք վերջին` 6-րդ հարցի պատասխանը:
Հարց.
Ի՞նչ կարծիք ունեք Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների զարգացման հեռանկարի մասին: Արդյո՞ք կարծում եք, որ Անկարայի կողմից Հայոց Ցեղասպանության ընդունումը պետք է նախապայման հանդիսանա հայ-թուրքական սահմանի բացման համար:
Պատասխան.
Սերժ Սարգսյանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարը նույնպես փակուղի մտցրեց: Հիմա ասել, որ հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների` մի տեսակ ոչ ադեկվատ է հնչում:
Ս. Սարգսյանի ֆուտբոլային դիվանագիտության հետևանքով Թուրքիան իր նախապայմանը` ԼՂՀ հարակից տարածքների վերադարձ Ադրբեջանին, կարողացավ դարձնել միջազգային քննարկումների, թուրքական դիվանագիտության օրակարգի հարց:
Հայաստանի հակադարձումը, թե` ահա, ողջ աշխարհը իմացավ, որ այդ Թուրքիան է նախապայման դնում և խոչընդոտում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, մի տեսակ մանկական է հնչում: Է` հա, իմացավ: Հետո՞: Թուրքիան, մեր մեջ ասած, դա չի էլ թաքցնում, որովհետև կարողանում է մնալ սեփական դիրքորոշման վրա:
Մեր հույսերը, թե աշխարհը թուրքական այդ դիրքորոշմանը կպատասխանի Հայոց ցեղասպանության ճանաչումների շքերթով, չիրականացան: ԱՄՆ-ն Շվեդիայի միջոցով փորձարկեց այդ լծակը, բայց Թուրքիայի կատաղի հակազդեցությունը միջազգային հանրությանը ետ պահեց շարունակությունից. «ռեալպոլիտիկը» արեց իր գործը: Ստացվեց, որ «թղթե շերեփով», ներքաղաքական ճգնաժամի բեռով աշխարհաքաղաքական խաղի հորձանուտը նետվելով` հանուն «Եվրանյուզով» երևալու Սերժ Սարգսյանը բարդացրեց նաև Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը, որովհետև Թուրքիան նոր փաստարկ ձեռք բերեց, թե իբր Ցեղասպանության միջազգային ճանաչումը կբարդացնի առանց այն էլ բարդ հայ-թուրքական հարաբերությունները, կամ կձախողի հարաբերություններ հաստատելու ջանքերը: Ֆուտբոլային դիվանագիտությունը ավելի խճճեց Ղարաբաղի հիմնահարցի բարդագույն հանգույցը:
Հայ-թուրքական կոնտեքստում Հայաստանը ծուղակում է հայտնվել. ոչ կարող է առաջ գնալ, ոչ ետ դառնալ: Ինքս, օրինակ, այդ վիճակից մեկ ելք եմ տեսնում: Նոր ներկայացուցիչ, այսինքն` Հայաստանի նոր նախագահ բանակցային սեղանի շուրջ, ով ազատ կլինի նախկինին «բռնած» ծուղակներից:
Ինչ վերաբերում է Ցեղասպանության ճանաչումը Հայաստանի կողմից Թուրքիային որպես նախապայման առաջադրելու հնարավորությանը, դա փակուղին ավելի կխորացնի: Հայ-թուրքական սահմանը Թուրքիան է փակել և Թուրքիան է հրաժարվում բացել: Մի տեսակ տրամաբանական չէ, որ մենք Թուրքիային նախապայման առաջադրենք, որ նա անի այն, ինչն առանց նախապայմանի էլ` չի անում: Սա ժամանակի անիմաստ վատնում է: Շատ ավելի լավ է, որ Հայաստանն ամեն կերպ քաջալերի Ցեղասպանության միջազգային ճանաչմամբ զբաղվող կազմակերպություններին և փորձի այդ ճանապարհով հաղթահարել ճանաչման ճանապարհին առաջացած արգելքները: Ցեղասպանության ճանաչումը ոչ թե հայ-թուրքական, այլ համաշխարհային քաղաքակրթական օրակարգի հարց է: Աշխարհը պետք է ճանաչի Հայոց Ցեղասպանությունը` անկախ նրանից, ինչպիսին են հայ-թուրքական հարաբերությունները: Եթե այսօր Թուրքիան բացի Հայաստանի սահմանը, 1915 թվականին տեղի ունեցածը որևէ փոփոխություն կկրի՞: Իհարկե` ոչ: Ցեղասպանությունների ճանաչումը նոր ցեղասպանությունների իրագործումը կանխելուն ուղղված արդյունավետ քայլ է և ոչ թե դիվանագիտական առևտրի հարց: