2010 թվականին Հարավային Կովկասի երկրները ձերբազատվեցին 2008 թվականի վախից, երբ Ռուսաստանը վերադարձավ տարածաշրջան նախկին մեթոդներով` «չեք ոզում լսել` գլխներիդ կստանաք»: Նման կարծիք մայիսի 17-ին «Կովկաս-2010» կոնֆերանսի ընթացքում հայտնել է ադրբեջանական «Զերկալո» պարբերականի քաղաքական վերլուծաբան Ռաուֆ Միրկադիրովը:
Նրա խոսքով` Ադրբեջանի առաջին արձագանքը ռուս-վրացական պատերազմին վախն էր:
«Երբ Եվրամիության հինգ երկրների նախագահները որոշեցին գնալ և սատարել Թբիլիսիին, նրանք իջան Գյանջայում և ցամաքային տարածքով գնացին Վրաստան: Ադրբեջանի նախագահն անգամ գովազդի համար չբարեհաճեց հանդիպել նրանց, որպեսզի ցույց տա, թե ինչ դեր է խաղում իր երկիրը:
Հայաստանի նախագահի արձագանքը նույնպես խոսուն էր: Նա նստած էր Մեդվեդևի կողքին, երբ վերջինս ասաց, որ առաջ Ռուսաստանը հզոր էր, իսկ հիմա` էլ ավելի հզոր: Սերժ Սարգսյանը ափսոսանքով հաստատել է այդ միտքը», – ասել է Միրկադիրովը:
2008 թվականը, Միրկադիրովի կարծիքով, ցույց տվեց, որ Ղարաբաղի հարցում ստատուս-քվոն կարող է հեշտությամբ խախտվել, և պատերազմը կանգնեցնելը շատ դժվար կլինի. «Խողովակաշարերից 30 կմ հեռավորության վրա զորքեր են, որոնք պատրաստ են կրակել դրանց վրա: Պատերազմը շատ բան չի փոխի Ղարաբաղի կարգավիճակում. հաղթողներ չեն լինի, «գրավյալ» տարածքները չեն ավելանա, հնարավոր է` կնվազեն: Կոսովոյի պես ճանաչում նույնպես չի լինի», – ասել է վերլուծաբանը:
Նրա համոզմամբ` հակամարտությունը չի լուծվի, անգամ եթե Ադրբեջանին վերադարձնեն Լեռնային Ղարաբաղի շուրջ եղած տարածքները:
«Ադրբեջանի և Հայաստանի վրա ճնշում են գործադրում, որպեսզի նրանք ինչ-որ բան ստորագրեն: Այժմ իրավիճակն այնպիսին է, որ Բաքուն ու Երևանը ինքնուրույն կարող են ընտրել ստատուս-քվոն խախտելու ժամանակը: Ոչ ոք չի բաժանում զորքերը սահմանի վրա: Խաղաղարարների տեղակայումը կպահպանի հակամարտությունը, բայց կողմերը չեն կարողանա ինքնագլուխ խախտել ստատուս-քվոն:
Հայաստանի և Ադրբեջանի ձեռքից լծակները կանցնեն Ռուսաստանին ու ԱՄՆ-ին: Դրա հետևանքով թե’ Իլհամ Ալիևի, թե’ Սերժ Սարգսյանի վրա ճնշումը կավելանա: Հայաստանում որոշ քաղաքական գործընթացներ նույնպես պետք է դիտարկել այդ տեսանկյունից: Ոչ «Բարգավաճ Հայաստանը», որ դաշնակները չեն կարող Սերժ Սարգսյանի դաշնակիցը լինել: Դաշնակից կարող է դառնալ Լևոն Տեր-Պետրոսյանը», – անսպասելիորեն ամփոփել է Միրկադիրովը: