Այն մարդիկ, ովքեր հասցնում են աշխատանքային ընդմիջման ժամին մի փոքր ննջել, ավելի քիչ են հակված սրտանոթային հիվանդություններ ունենալուն: Այս մասին ասված է «Բիհեյվիորիստական բժշկության միջազգային ամսագրում» հրապարակված զեկույցում, գրում է РБК-ն:
Երկարատև աշխատանքը, ավելորդ լարվածությունը, հեռուստացույցի երկարատև դիտումն ու համակարգչի մոտ աշխատանքը բացասաբար են ազդում քնի վրա: Գիտնականների խոսքով` այն կարող է նպաստել զարկերակային ճնշման բարձրացմանն ու սրտի հետ կապված խնդիրների հանգեցնել:
Մասնագետները 85 առողջ ուսանողներ են ընտրել և նրանց բաժանել երկու խմբի: Մի խմբի մասնակիցները կարողանում էին 1 ժամ հանգստանալ օրվա ընթացքում, իսկ մյուս կամավորներին նման հնարավորություն չէր տրվում: Այնուհետև երիտասարդներին հարցաշար են ներկայացրել, որում նրանք պետք է իրենց քնի որակի և սրտանոթային համակարգի հետ կապված հարցերին պատասխանեին: Միաժամանակ, փորձի ընթացքում գիտնականները մշտապես ստուգում էին ուսանողների ճնշումն ու զարկերակի հաճախականությունը:
Փորձի արդյունքում հետազոտության հեղինակները պարզել են, որ ցերեկային քունը դրական ազդեցություն ունի: Տվյալները ցույց են տվել, որ 45-60 րոպե տևող ցերեկային քունը օգնում է սթրեսից հետո վերականգնել զարկերակային ճնշումը: