ՄԱԿ-ը համացանցից օգտվելու իրավունքն ընդգրկել է մարդու հիմնարար իրավունքների ցանկում, հայտնում է The Atlantic-ը:
Կազմակերպության նիստին ներկայացված զեկույցի համաձայն, ինտերնետը «մարդու մի շարք իրավունքների, անհավասարության դեմ պայքարի և առաջընթացի իրականացման անփոխարինելու գործիք է»:
ՄԱԿ-ի զեկույցում նշվում է նաև, թե որքան թշնամանքով են համացանցին վերաբերվում պաշտոնյաները:
«Ինտերնետի հսկայական ներուժն ու առավելությունները կայանում են տեղեկատվության փոխանցման արագության, հասանելիության և գաղտնիության մեջ: Միաժամանակ այդ հատկանիշները, որոնք թույլ են տալիս առանձին անհատների տեղեկատվություն տարածել իրական ժամանակահատվածում, վախ են տարածում կառավարությունների շրջանակում: Դա հանգեցնում է առավել ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով ինտերնետի սահմանափակումների մեծացմանը, որը թույլ է տալիս արգելափակել բովանդակությունը, գտնել ակտիվիստներին, պատժել նրանց և այնպիսի օրենքներ ընդունել, որոնք արգելում են անել դա»,- ասված է զեկույցում:
Որպես այս գաղափարի հաստատում, հեղինակները հիշեցնում են Twitter-ի և Facebook–ի հասանելիության սահմանափակումները հակակառավարական ցույցերով բռնկված արաբական երկրներում, ինչպես նաև Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանջի նկատմամբ իրականացվող հետապնդումը:
Զեկույցում ընդգծվում է այն փաստը, որ « բոլորի համար համացանցից օգտվելը պետք է ցանկացած պետության գործունեության առաջնային ուղղություններից մեկը լինի»: